Ասում են` ժամանակը մոռացնել է տալիս վիշտը, բայց երբեք չի բուժում: 44-օրյա պատերազմից մեկ տարի է անցել ու իսկապես ժամանակն անզոր է մեղմելու ցավը: Բայց ցավից ու կորստից չեմ ուզում խոսել, այլ Հայրենիքի հանդեպ անսահման սիրո, հանուն նրա ամենաթանկը` կյանքը, տալու սխրանքի մասին:

Հայկազը պատերազմի ժամանակ ժամկետային զինծառայող էր: Հադրութում էր ծառայում: Հետմահու Արիության մեդալ է ստացել: Երևանցի Հայկազը շրջապատի տղա էր, ընկերների ու հարազատների կողմից սիրված ու հարգված: Այսքան բան գիտեմ նրա մասին: Ու մինչև հարցազրույցը զինվորի հորեղբոր՝ Կարեն Հարությունյանի հետ, համացանցում փնտրում եմ Հայկազի լուսանկարները: Գրեթե բոլոր նկարներում ժպտում է Հայկազը, աչքերում փայլ ու կյանք կա:

«Հայկազը աչքիս առաջ է մեծացել: Ախպորս երրորդ  երեխան երբ ծնվեց, ասաց` էս մեկին բերել ենք, որ ես էլ տղա ունենամ»,- մտաբերում է Կարենը ու շարունակում պատմել. «Հայկազս ինձ հետ շատ կապված էր: Իմն էր, ընկերություն էինք անում: Դաստիարակված էր, մեծերի նկատմամբ հարգանքով: Մեծ շրջապատ ուներ:

...Փոքր ժամանակ թմբլիկ էր. Գոջի էինք ասում: Հետո մեծացավ, սկսեց սպորտով զբաղվել, իր վրա աշխատեց, նիհարեց: Տան մեծ երեխան էր: Մեր հպարտությունը: 31 միջնակարգ դպրոցն ավարտվեց, ապա ընդունվեց Ագրարային համալսարանի քոլեջը, այնուհետև տարկետում  վերցրեց, որպեսզի զորակոչվի: Շատ էր ուրախացել, որ Հադրութ էր ընկել: Գոհ էր ծառայությունից, ամեն ինչից: Հիշում եմ`բանակ գնալուց առաջ կույրաղիքը ցավում էր: Ասեցինք գնանք թող բժիշկը նայի: Ասեց չէ: Կասեն բանակի ժամանակը եկել է, ցավերը բռնեց: Մինչև գնալը  մնաց, կարանտինն անցավ ու արդեն ծառայության ժամանակ Ջաբրայիլում  կույրաղիքը հեռացրեցին: Բայց մենք չգիտեինք: Ձայնից ենք գլխի ընկել, որ մի տեսակ է, բայց մեզ ոչ մի բառ: Ասում էր գրիպ եմ: Հետո ընկերները, որ գալիս-գնում էին, հարցուփորձ արեցի` պատմեցին...

...Պատերազմի օրը կիրակի  էր: Քնից հանեցին: Մաման ասեց պատերազմ է սկսվել: Զանգեցի: Ասեց` հա հոպս, ինչ կա, ցավդ տանեմ: Բան չկա, կանցնի: ...Պատերազմից տասն օր առաջ զանգել էր տուն: Ասեց լավ հոտ չի գալիս: Ինձ թվում է բան-ման է լինելու: ...Ճիշտ էր ասում...»:

Հարազատները Հայկազի հետ վերջին անգամ խոսել են հոկտեմբերի 17-ին: Ոչ մի օր չի բողոքել: Օրերով  տուն չի զանգել, բայց հորդորել է չանհանգստանալ՝ ասելով, թե վատ բան լինի, կիմացվի:

«Վերջում զանգեց ասեց` Ֆիզուլիում  մոտ հիսուն հոգանոց խմբով շրջափակման մեջ ենք: Որ ասեց՝ շրջափակման մեջ ենք, մենք ՊՆ-ի հետ կապվեցինք, ասեցինք, որ շրջափակման մեջ հայտնված երեխեք կան: Երեք ժամ հետո զանգեցին ասեցին, որ հատուկ նշանակության ջոկատները Արցախում են: Գնացել-հասել էին տղերքին: Զանգեց ասեց` ստեղ են, առավոտյան հեռանում ենք: Հետո ախպերս զանգեց ինձ, ասեց Հայկազն ինձ չի լսում: Զանգի, քեզ հաստատ կլսի: Ասեցի` ինչ է եղել, տղես, դուրս չեք գալիս: Թե, հոպար, ընկերոջս դիակը հետս է: Ասեցի, բալես, դիակները կգան կտանեն: Ասեց` բա որ հանկարծ չգան, ես իր ծնողների երեսին ո՞նց նայեմ: Մինչև ընկերոջս դիակը չհանեն, չեմ գալու: Ասեցի՝ նստի մեքենաներից մեկը, ձեզ հանում են շրջափակումից: Կհասնես Ստեփանակերտ, ձեզ կդիմավորեն: Անգամ վնասվածք ուներ: Ասեց՝ հոպար, դու կգայի՞ր, կթողեի՞ր ընկերոջդ...

...Սա մեր վերջին խոսակցությունն էր: Հետո զանգեցինք տղերքից հարցրեցինք` Հայկազը մեքենայի մե՞ջ է: Ասեցին` ուրիշ մեքենայով է գալիս: Ապահով տեղ է, հանգիստ եղեք: Բայց ինքը չէր նստել, մնացել էր ընկերոջ դիակի մոտ:

Շրջափակումից 55 հոգի փրկվեց, բայց Հայկազս մնաց ընկերոջ կողքը: Չգիտենք էլ ինչպես է զոհվել: Տարբեր վարկածներ են եղել: Անգամ ասում էին գերի է ընկել: Երբ հորն ասել էին այդ մասին, ասել էր ուրեմն տղես էլ չկա: Հայկազը Հայրենիքը մի այլ ձևի էր ընկալում: Ախր շատ հպարտ էր, որ բանակ է գնում, շատ էր սիրում ծառայությունը, բանակային կյանքը»:

Հայկազի մարմինը գտնելու համար մայիսին ԴՆԹ թեստ են արել: Սկզբում ասել են՝ համընկում չկա, հետո պարզվել է, որ համընկել է ԴՆԹ-ն: Ծնողներն արդեն չեն հավատացել` ԴՆԹ-ն Եվրոպա են ուղարկել: Համոզվելուց հետո, հուլիսի 3-ին հուղարկավորել են:

Լսում եմ Կարենի պատմածները ու բառեր չեմ գտնում ասելու: Կարծում եմ, ընկերասիրությունը  Հայրենասիրության առհավատչյան է: Հայկազն էլ ասվածի ամենավառ օրինակը: Տրամաբանությանս մեջ չի տեղավորվում հերոսի մեծությունը` ունենալով հնարավորություն դուրս գալու կրակի բերանից, չի թողել ընկերոջ անշնչացած մարմինը ու ինքն էլ մարտիրոսվել է:

Հայկազի ընկերներն ամեն օր գնում են իրենց ընկերոջ բակ, որտեղ սովորաբար հավաքվում էին: Ու Հայկազը ներկա է նրանց զրուցներում, Հայկազն ապրում է: Կյանքում ամեն ինչ օրինաչափ է, և այո, փոքր եկեղեցիներում էլ են մեծ պատարագներ լինում: Հայկազն ու իր նման հազարավորները կյանք ու կռիվ տվեցին հանուն Հայրենիքի: Փառք, հավերժ փառք ձեզ, տղերք...

Հայկ Մագոյան

 

6310