44-օրյա պատերազմից անցել է մեկ տարի, սակայն պարտության պատճառների հանրային-քաղաքական դիսկուրսը շարունակում է մնալ մեղավորներ գտնելու և կոնկրետ մարդկանց մեղավոր կարգելու տրամաբանության մեջ: Քաղաքական շահի և պոպուլիզմի տեսակետից սա իհարկե լավ տարբերակ է, բայց քիչ առնչություն ունի իրական խորքային խնդիրները վեր հանելու և լուծումներ գտնելու հետ: Մասշտաբային պատերազմը վեր է հանում բոլոր այն արատները, որոնք դրված են պետության զարգացման տրամաբանության հիմքերում, ընդ որում սա վերաբերում է ոչ միայն նեղ ռազմական ոլորտին, այլև պետական բոլոր ինստիտուտներին` սոցիալական քաղաքականությունից մինչև դիվանագիտություն, որոնք մեկ օրվա կամ տարվա արդյունք չեն, այլ տասնամյակներից եկող խնդիրներ: Խնդիրների խորքային քննարկումն ու, ի վերջո, լուծումն է, որ պետք է Հայաստանը հանի ստեղծված ծանր կացությունից: Տարրական քաղաքագիտությունը հուշում է, որ այս քննարկումը նախ և առաջ պետք է սկսվի խորհրդարանից և ընդգրկի հասարակության ավելի լայն շերտեր, սակայն սին են բոլոր այն հույսերը, որ հայրենի ընդդիմությունը պոպուլիզմի դաշտից կարող է տեղափոխվել կառուցողական և պետականամետ դաշտ: Պատճառները, որքան էլ տարօրինակ հնչի, շատ պարզ են: Այս մարդիկ ի սկզբանե իրենց հռետորաբանությամբ տեղավորվել են ծայրահեղ ռադիկալ և ռևանշիստական դաշտում: Կառուցողականությունը կարող է և անհասկանալի լինել իրենց էլեկտորատի համար: Մյուս կողմից ունենք երբևիցե եղած ընդդիմություններից ամենաթույլը և խոցելին, որը ուղիղ իմաստով պատասխանատու է, եթե չասենք մեղավոր, տասնամյակների ընթացքում հօգուտ Ադրբեջանի առաջացած դիսբալանսի գործում: Ստեղծված պայմաններում առավել դժվար ու պատասխանատու է դառնում օրվա իշխանության գործը, քանզի նրանք են լինելու ապագայի ձախողումների պատասխանատուն կամ հաջողության դափնիներ կրողները, որովհետև նույնիսկ պետականության պահպանման առումով ընդդիմությունը համագործակցության նշույլ անգամ ցույց չի տալիս, և ամբողջ ծանրությունը մնում է իշխանության ուսերին: Մեծ է գայթակղությունը խաղալ ընդդիմության դաշտում՝ մի մեղադրանքին պատասխանել տասով, մանավանդ, որ ասելիքդ ավելի ծանրակշիռ է և առավել ընկալելի է հասարակության համար: Այս ճանապարհը հղի է պետությունը նույն ճահճի մեջ թողնելու հետևանքներով: Բայց, քանի որ իշխանությունների երկխոսությունը հասարակության հետ եղել է ոչ թե հինը քննադատելու և նորը չստեղծելու տրամաբանության մեջ, այլ արժանապատիվ և բարեկեցիկ ապագայի մասին` իշխանությունը պարտավոր է պետական շահը գերադասել ցանկացած այլ շահից և ուժերի գերլարումով լծվել պետականության պահպանման ու կերտման գործին: Սա է Հայաստանում «Ապագա կա» կարգախոսն իրականություն դարձնելու միակ և գլխավոր նախապայմանը, որի արդյունքում ավտոմատ կերպով հակապետական տրամադրվածությամբ և տրամաբանությամբ գործող ուժերին հասարակությունը կմղի դեպի պատմության աղբանոց։

215