Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր՝ սեպտեմբերի 29-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է «տարածաշրջանային փոխակերպումների կարևորության» հարցը: 

«Մենք անդրադարձանք երկկողմ ռազմավարական գործընկերության կարևորագույն թեմաներին և դիտարկեցինք նոր հնարավորություններ մեր համագործակցության հետագա զարգացման համար»,- հայտնել է Վրաստանի վարչապետը:
Ադրբեջանի ղեկավարի հետ հանդիպմանը Ղարիբաշվիլին ասել է, որ Թբիլիսին շահագրգռված է Բաքվի հետ երկկողմ կապերի ամրապնդմամբ:

«Վրաստանը շահագրգռված է Ադրբեջանի հետ քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում երկկողմ կապերի ամրապնդմամբ: Մենք նաև շահագրգռված ենք տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմամբ: Սա կդառնա հզոր տնտեսական զարգացման հիմքը»,- վստահություն  է հայտնել Վրաստանի կառավարության ղեկավարը:

Իր հերթին Ադրբեջանի նախագահը շեշտել է երկկողմ տնտեսական առաջընթացի մասին։ Միեւնույն ժամանակ, Ադրբեջանի նախագահը դրական է բնութագրել Վրաստանում ներդրումային միջավայրը` նշելով տնտեսական բարեփոխումները, որոնք «թույլ են տալիս լուծել բազմաթիվ սոցիալ-տնտեսական հարցեր»:

Բաքու կատարած այցից հետո Վրաստանի վարչապետը պլանավորում է այցելել նաև Երևան: 

139