ԱՄՆ նախկին հանրապետական սենատոր Ջեֆ Ֆլեյքը, ով Թուրքիայում Միացյալ Նահանգների հաջորդ դեսպանի թեկնածուն է, պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ հակադարձելով այս հարցում իր նախկին դիրքորոշմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին նա հայտարարել է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի ժամանակ:

Մասնավորապես, երբ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը հարցրել է, թե արդյոք նա փոխել է դիրքորոշումը և պատրաստ է «միանալ այս մարմնին և վարչակազմին՝ Հայոց ցեղասպանությունը վերահաստատելու գործում», Ջեֆ Ֆլեյքը հաստատակամ «այո» է պատասխանել:

Ամերիկյան The National News-ի փոխանցմամբ, 2005, 2007, 2010 և 2014 թվականներին Ֆլեքը, որը Սենատում և Ներկայացուցիչների տանը ներկայացնում էր Արիզոնա նահանգը, դեմ էր քվեարկել Ցեղասպանությունը ճանաչելու մասին օրենքներին:

Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստին նա ապակայունացնող է անվանել Թուրքիայի դերակատարումը հայ-ադրբեջանական հակամարտության հարցում: «Եթե իմ թեկնածությունը հաստատվի, ես կհորդորեմ Թուրքիային աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությանը կայուն ու տևական լուծում գտնելու ջանքերին»,- ասել է նա:

Ֆլեյքը խոստացել է նաև անկեղծորեն պաշտպանել ժողովրդավարական արժեքներն ու մարդու իրավունքները: «Ես շարունակելու եմ բարձրաձայնել ճշմարտությունը, լինել ազնիվ՝ ինչպես գործող դեսպանը, պետդեպարտամենտն ու նախագահը»,- նշել է նա:

187