Թուրքիայի ԱԳՆ մամուլի խոսնակ Թանժու Բիլգիչն, անդրադառնալով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում «Գորշ գայլերի» ահաբեկչական կազմակերպություն լինել-չլինելու հարցի քննության» վերաբերյալ հոդվածին, այդ քայլն անվանել է «մտահոգիչ»։

Թանժու Բիլգիչը կարծում է, որ «հակաթուրքական լոբբիի այդ նախաձեռնությունը վնասում է ահաբեկչության դեմ պայքարին»։

Թուրքիայի ԱԳՆ խոսնակը շեշտել է, որ Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարին մասնակցող երկրները նման հորինված և հետին միտք հետապնդող պնդումներին տուրք տալու փոխարեն պետք է վճռական պայքար մղեն իրական ահաբեկչական կազմակերպությունների դեմ։

Թանժու Բիլգիչն հույս է հայտնել, որ այդ պահանջը տեղ չի գտնի Կոնգրեսում ընդունվելիք օրենքի վերջնական տեքստում։

Գորշ գայլերի/գաղափարապաշտների ակումբների ահաբեկչական կառույց լինել-չլինելու հարցի հետաքննությունը նախատեսող հոդվածն ԱՄՆ-ի 2022 թ․ պաշտպանության բյուջեի նախագծում ավելացվել է դեմոկրատ պատգամավոր Դինա Թիթուսի նախաձեռնությամբ։ Ըստ դրա՝ նախագծի օրինականացումից հետո 180 օրվա ընթացքում Պետդեպարտամենտը հարցի վերաբերյալ զեկույց պետք է պատրաստի և ներկայացնի Կոնգրեսին։

1214