Սեպտեմբերի 27-29-ը Բելառուսի Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի է ունեցել «Անկախ պետությունների համագործակցության 30-ամյակ՝ արդյունքներ, հեռանկարներ» թեմայով համաժողովը։

Միջոցառմանը մասնակցել են ԱՊՀ երկրների պետական ​​մարմինների ավելի քան 300 ներկայացուցիչներ, առաջատար գիտնականներ և մասնագետներ, մի շարք պետությունների խոշորագույն գիտակրթական կազմակերպությունների ղեկավարներ:

Համաժողովին զեկույցով  հանդես է եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։ Բարձր գնահատելով ԱՊՀ-ի 30-ամյա ներդրումը գիտության և կրթության զարգացման գործում՝ Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է միջոցառման կարևորությունը ԱՊՀ գիտակրթական տարածքում ուղենշային մոտեցումներ առաջադրելու առումով:

«Գիտական գործունեության բնագավառում Հայաստանի Հանրապետության քաղաքականությունն իրականացվում է ժամանակակից միտումներին, աշխարհում գիտության և տեխնիկայի զարգացման հեռանկարներին համապատասխան: Պետությունը մեծ ռեսուրսներ է հատկացնում ինչպես բնական և տեխնիկական, այնպես էլ սոցիալ-հումանիտար գիտությունների զարգացման համար։ Հատուկ ուշադրություն է դարձվում հայագիտական առարկաների զարգացմանը, ինչպես նաև համապատասխան գիտական կենտրոնների և հայկական սփյուռքի հետ կապերի ամրապնդմանը: Իրականացվում են գիտատեխնիկական ենթակառուցվածքի կատարելագործման, ժամանակակից գիտական սարքավորումներով վերազինման նախագծեր»,- նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը՝ հավելելով, որ զգալի առաջընթաց է արձանագրվել գիտատեխնիկական ոլորտում միջազգային համագործակցության ընդլայնման և խորացման, միջազգային գիտական հանրությանն ինտեգրվելու գործում:

Ըստ փոխնախարարի՝ նպատակաուղղված և հետևողական աշխատանք է տարվում գիտնականների նոր սերնդի ձևավորման, գիտության մեջ երիտասարդ և հեռանկարային կադրերի ներգրավման ուղղությամբ: Բազմաթիվ համաձայնագրերի շրջանակում 2011 թվականից սկսած անցկացվում են գիտական նախագծերի համատեղ միջազգային մրցույթներ, գիտատեխնիկական կապերը զարգանում են ոչ միայն հիմնարար, այլև կիրառական հետազոտությունների բնագավառում:

ԱՊՀ շրջանակում գիտատեխնիկական համագործակցության հետագա զարգացման առումով Արթուր Մարտիրոսյանը կարևորել է ԱՊՀ մասնակից պետությունների հիմնարար հետազոտությունների ոլորտում միջպետական հարաբերությունների համակարգման մասին 2019 թվականի մայիսի 31-ին Աշգաբադում ստորագրված համաձայնագիրը, որի մաս է կազմում նաև Հայաստանի Հանրապետությունը: Նրա խոսքով՝ համաձայնագրի շրջանակում փոխշահավետ և իրավահավասար հիմունքներով զարգանում է համագործակցությունը հիմնարար հետազոտությունների ոլորտում, ինչը նպաստում է հիմնարար հետազոտությունների նկատմամբ հետաքրքրության զարգացմանը և գիտական կադրերի պատրաստման որակի բարձրացմանը՝ ներառյալ ՏՏ երիտասարդ գիտնականների մրցույթները:

«Եվրասիական տնտեսական միության երկրների միջև ստորագրված համագործակցության մասին համաձայնագրերի շրջանակում իրականացվում են համատեղ նախագծեր տարբեր գիտատեխնիկական ուղղություններով, իսկ դրանց արդյունքներն արտացոլում են ոչ միայն համագործակցության բարձր մակարդակը, այլև վկայում են համագործակցության լավ ավանդույթների և լուրջ հեռանկարների մասին: Նշեմ, որ Հայաստանի Հանրապետությունն այս տարի նախագահող երկիր է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների կրթության ոլորտում համագործակցության խորհրդում, որի հերթական նիստը  հոկտեմբերի 7-ին տեղի կունենա Երևանում։ Հեռանկարում ԱՊՀ-ն լավ հնարավորություն է հետխորհրդային երկրների երկխոսության համար՝ տարբեր հումանիտար, քաղաքական և մշակութային ուղղություններով»,- շեշտել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:

Նշենք, որ Հայաստանի Հանրապետության նախագահության ստանձնման մասին  որոշումը միաձայն ընդունվել է 2020 թվականի հոկտեմբերի 21-ին տեղի ունեցած ԱՊՀ անդամ պետությունների կրթության ոլորտում համագործակցության խորհրդի հերթական նիստին։   

Հավելենք, որ համաժողովը կայացել է 2021-2022 թթ․ համար ԱՊՀ մասնակից երկրների հումանիտար համագործակցության բնագավառում առաջնահերթության ծրագրերի միջոցառումներին համապատասխան:

592