Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, Մոսկվայում տեղի է ունենում «Մոսկովյան ձևաչափի» շրջանակներում Աֆղանստանի հարցով քննարկումը։ Այս ձևաչափով սա երրորդ հանդիպումն է, եթե նախորդ երկուսը տեղի էին ունեցել նախքան թալիբների կողմից Աֆղանստանի գրավումից առաջ, ապա սա տարբերվում է նրանով, որ այս պահին իշխանությունը թալիբների ձեռքում է։

Բազմակողմ խորհրդակցություններին մասնակցում են տարածաշրջանի տասը երկրների ներկայացուցիչներ, ինչպես նաև թալիբների բարձրաստիճան պատվիրակությունը: Այս առաջին միջազգային հանդիպումն է թալիբների մասնակցությամբ իշխանությունը գրավելուց հետո։

Ինչպես հայտնի է, քննարկման հիմնական թեմաները եղել են Աֆղանստանում ռազմաքաղաքական իրավիճակը՝ երկրում «Թալիբանի» կողմից իշխանությունը վերցնելուց հետո, մարդասիրական օգնությունը և ներառական կառավարության ձևավորումը:

Հանդիպմանը հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ ԱԳՆ նախարար Սերգեյ Լավրովը, որը կոչ է արել ՄԱԿ-ին՝ կենտրոնական դեր խաղալ Աֆղանստանում իրավիճակը կարգավորելու համար, բացի այդ, նա խոսել է այն հիմնական սպառնալիքների մասին, որոնք կարող են առաջացնել այս իրավիճակը։ Լավրովը առանձնացրել է՝ նարկոբիզնեսը և ահաբեկչությունը։ Բավականին ակտիվ քննարկվել է թալիբների իշխանությունը ճանաչելու-չճանաչելու հարցը։ Ըստ հայտարարությունների՝ Ռուսաստանի օրակարգում դեռ չկա ճանաչման հարցը։ Ինչպես բազմիցս տարբեր պաշտոնական խողովակներ հայտնել են՝ նրանց իշխանությունը կճանաչեն այն ժամանակ, երբ հասկանան, թե որքան «քաղաքակիրթ» կպահեն նոր իշխանություններն իրենց: Ակնհայտ է, որ Ռուսաստանը այս պահին զերծ կմնա նման որոշում կայացնելուց, քանի որ ինչքան էլ նրանք կարողանում են բանակցություններ վարելու կետեր գտնել թալիբների հետ, սակայն վստահության մասին խոսք չի կարող լինել։ Ռուսաստանը դիվանագիտական հնարքներով փորձում է իր կողմը տանել թալիբներին և նման լուրջ հարցի լուծման հարցում լուրջ դերակատար լինել, ինչու չէ՝ կարևորագույն խնդիր լուծողը։ ԱՄՆ-ի «սայթաքումը» Աֆղանստանում՝ Ռուսաստանին տալիս է այս հնարավորությունները։

Հատկապես պետք է հաշվի առնել, որ Աֆղանստանը սահմանակից է ՀԱՊԿ անդամ երկրներ Ուզբեկստանին և Տաջիկստանին, որոնց անվտանգությունը ուղղակիորեն կապված է Ռուսաստանի անվտանգությանը։ Թալիբների հետ համագործակցությամբ նման հարթակներում Ռուսաստանին տալիս են որոշակի անվտանգության երաշխիքներ։

Հանդիպման մասնակցող երկրները կոչ են արել ՄԱԿ-ին հրավիրել Աֆղանստանին նվիրված միջազգային դոնոր կոնֆերանս: Ամենայն հավանականությամբ, նման կոնֆերանսում ակնկալվում է նաև թալիբ ներկայացուցիչների մասնակցությունը։

Սա լավ առիթ էր ևս մեկ անգամ ցույց տալ ԱՄՆ-ի «անգործությունը» այս հարցում։ Լավրովը իր ելույթում ափսոսանք է հայտնել, որ ԱՄՆ-ը խուսափում է Աֆղանստանի վերաբերյալ «Մոսկվայի ձևաչափով» հանդիպումներից:

Հանդիպմանը Լավրովը շեշտել է, որ գոհ է թալիբ իշխանության հետ համագործակցությունից և հայտարարել Աֆղանստանին օգնություն ցույց տալու մասին։

Մկրտչյան Ջուլիետա

21295