Ակնհայտ է, որ նման նախաձեռնությունն իհարկե անդրադառնում է նաև տնտեսական գործունեության ցուցանիշների վրա, դրանում կասկած լինել չի կարող։
 
«Եթե մենք ունենք օրենք տոների մասին, ապա պիտի մտածենք՝ ինչ անենք, որ մեր ժողովուրդն այդ տոները տոնի, ոչ թե, ինչպես այստեղ ակնարկվեց, որոշակի ծառայողների շերտ այդ օրը հանգստանա»,- «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։

Նա նշեց, որ եթե խոսքը տոնի մասին է, ապա պիտի հասկանանք, որ Նոր տարվա տոնը արհեստականորեն մտցվել է մեր առօրյա, բոլորը գիտեն՝ դա երբ է եղել, ինչու է եղել՝ սկսած տոնածառի աստղով և այլն, և ժամանակ է պետք, որ մեր հասարակությունն աստիճանաբար վերադառնա իր ակունքներին և տոնի այն տոները, որոնք ազգային են և կարևոր մեզ համար։  

«Այս առումով Նոր տարվա տոնակատարությունը մեր ժողովրդի մեջ արհեստականորեն ներմուծված տոն է, որը ստացել է բավականին լայն կիրառում, և իրոք հանրության մեջ սովորույթ է ձևավորվել նշել այդ տոնը, որն իրականում, որպես այդպիսին, մի կարևոր տոն չի մեր ազգի համար, եթե մենք որպես ազգ մոտենանք մեր տոնացույցին։ Արժի ճկուն անցում կատարել, բայց նկատի ունենալ, որ այդ տոնակատարությունները, ինչես նաև շատ այլ երևույթներ, ըստ էության մարդկանց համար բեռ են դարձել։ Բոլորը չի, որ կարող են յոթ օրվա սնունդ առնել, գիտեք՝ շատերը վարկի տակ են մտնում, ամաչելով՝ այդ տոնին պատրաստվում են այնքանով, որ հետ չմնան, մրցակցություն է սկսվում»,- ասաց Վիգեն Խաչատրյանը։

Այնուհետև նա ասաց, որ ողջունում է այս նախաձեռնությունը՝ նշելով, որ աստիճանաբար պետք է հետ քաշվել այս ավանդույթից։ 
Ելույթներից հետո նախագիծը դրվեց քվեարկության, և 5 կողմ, 4 ձեռնպահ, 0 դեմ ձայներով որոշումն ընդունվեց։ 

1741