Այսօր պոլիոմիելիտի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Այդ մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արսեն Թորոսյանը։

«Պոլիոմիելիտը բարձր վարակելիությամբ վիրուսային հիվանդություն է: Այն ախտահարում է նյարդային համակարգը՝ առաջացնելով կայուն հաշմանդամություն, երբեմն՝ մահ: Հիմնականում հիվանդանում են 2-ից 5 տարեկան երեխաները։

Ամբողջ աշխարհում տասնամյակներ շարունակ պոլիոմիելիտի դեմ իրականացվող պատվաստումների շնորհիվ հիվանդությունն աշխարհում գրեթե վերացել է. միայն Աֆղանստանում և Պակիստանում է դեռևս շարունակվում է վայրի պոլիովիրուսի շրջանառությունը: 1988թ.-ից վայրի պոլիովիրուսի դեպքերի թիվը իջել է 99%-ով` 350.000-ից իջնելով 175 դեպքի 2019թ.-ին:

Հայաստանի Հանրապետությունում 1995թ.-ից չի արձանագրվել պոլիոմիելիտ հիվանդությունը, որը նախկինում տարեկան առնվազն 2-3 երեխայի կայուն հաշմանդամության պատճառ էր դառնում: 2002թ.-ին Հայաստանը, ի թիվս եվրոպական տարածաշրջանի երկրների, հռչակվել է «պոլիոմիելիտից ազատ» երկիր և առ այսօր, շնորհիվ պատվաստումների բարձր ցուցանիշի, հաջողությամբ պահպանում է այդ կարգավիճակը:

Պոլիոմիելիտի դեմ պայքարի գործում մեծ կարևորություն ունի կենդանի թուլացված վիրուսով բերանային պոլիոմիելիտի պատվաստանյութի (ստորև նկարում) փոխարինումը ինակտիվացված վիրուսով պատվաստանյութով և այս նպատակով 2019թ.-ի փետրվարից մեր երկիրը փոխարինել է կենդանի բերանային պոլիոմիելիտի պատվաստանյութը ինակտիվացված պատվաստանյութով ՝ վեցավալենտ պատվաստումների մեկ դեղաչափի ներդրմամբ, որը միանգամից պաշտպանում է հետևյալ հիվանդություններից` դիֆթերիա, փայտացում, կապույտ հազ, հեմոֆիլիա Բ, հեպատիտ Բ և պոլիոմիլեիտ»,-գրել է նա:

1264