Շուրջ մեկ տարի առաջ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, անդրադառնալով Հայոց պատմության նոր դասագրքերի տպագրմանը, նշել էր, որ դրանցում բովանդակային փոփոխություններ են սպասվում և դրանով պայմանավորված՝ գրքերի տպագրումը կուշանա: Միևնույն ժամանակ նախարարն ընդգծել էր, որ փորձագիտական հանձնաժողովը չի կարողանում եզրակացության գալ, ընթանում են բարդ քննարկումներ։

 

Քանի դեռ նոր դասագրքերի տպագրումը հետաձգվում է, զգալի թվով դիմորդներ, ինչպես նաև ավագ ու հիմնական դպրոցների ավարտական դասարաններում սովորող աշակերտներ շարունակում են նման բովանդակություն ունեցող դասագրքերով պարապել ու քննություններ հանձնել:

 

Նշենք, որ մարտի մեկի իրադարձությունների մասով դասագրքերում տեղ գտած տեղեկատվությունը ստույգ չէ, ու ինչ-որ տեղ նաև չի համապատասխանում իրականությանը: Բոլորովին վերջերս էլ Արամ Մանուկյանը բարձրաձայնեց դասագրքերի հետ կապված ևս մեկ խնդրի մասին. Անկախության հռչակագրի ընդունման  նախապատմությունը, փաստորեն, ևս անաչառորեն չի ներկայացվում: Մասնավորապես, դասագրքում բացակայում է «Անկախության հռչակագրի» հեղինակների անունները:

 

Նման իրավիճակում հայոց պատմության նոր դասագրքերի տպագրումն արդեն օրհասական է դառնում, ուստի AraratNews.am-ը նոր դասագրքերի տպագրման ընթացակարգի հետ կապված հարցում էր ուղարկել ԿԳՄՍՆ:

 

Ի պատասխան  AraratNews.am-ի հարցմանը ԿԳՄՍՆ-ից հայտնել են, որ համաձայն ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի N 65-Ա որոշմամբ  հաստատված ծրագրի 4.4 կետի՝ հանրակրթության ոլորտում Կառավարության նպատակներն են նոր բովանդակություն հաղորդել 12-ամյա  կրթությանը՝ վերանայել չափորոշիչները և առարկայական ծրագրերը. համապատասխանաբար կվերանայվեն նաև դասագրքերը:

 

Վերոնշյալ ծրագրի շրջանակներում ներկայումս ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում ձևավորվել են հանրակրթության պետական չափորոշիչը, առարկայական չափորոշիչները և հանրակրթական առարկայական ծրագրերը վերանայող աշխատանքային խմբեր:

 

Առաջիկայում նախատեսվում է աշխատանքային խմբերում մշակած նախագծերը ներկայացնել հանրային քննարկման, որի մասին տեղեկատվությունը կտեղադրվի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պաշտոնական կայքէջում: Ներկայացվող առաջարկները կքննարկվեն վերը նշված աշխատանքային խմբի կողմից և հաշվի կառնվեն  չափորոշիչների մշակման, ինչպես նաև դասագրքերի հրատարակման հետագա աշխատանքների ժամանակ:

 

Օլյա Շահինյան

 

408