Հոկտեմբերի 25-ին խորհրդարանում մեկնարկել է ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որի ընթացքում քննարկվել է «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է 2022 թվականի պետական բյուջեի մասին իր դիտարկումները, մոտեցումները եւ հիմնական ուղերձները:

2022 թվականի պետական բյուջեն հիմնված է  3 առաջնահերթությունների վրա՝ անվտանգության համակարգի բարեփոխում եւ բարելավում, ենթակառուցվածքների զարգացում, կրթության եւ գիտության արդիականացում:

2022 թվականի բյուջեի նախագծով նախատեսվում է կապիտալ ծախսերն ավելացնել 55 տոկոսով, դրանք կկազմեն 347 մլրդ դրամ:

«Այսօր ներկայացնում ենք Կառավարության հնգամյա ծրագրի առաջին բյուջեն, որը կոչված է ամուր հիմքեր ստեղծելու հնգամյա ծրագրի իրագործման համար: 2022-ի համար մենք նախատեսում ենք 7 տոկոս տնտեսական աճ՝ չնայած այն հանգամանքին, որ ընթացիկ տարվա մեծ մասը նշանավորվեց քաղաքական եւ անվտանգային անկայուն միջավայրով, մեր տնտեսությունն այսօր գերազանցում է  2021-ի համար աճի տեսանկյունից արված բոլոր կանխատեսումները: Մյուս կողմից՝ Կառավարությունը տարվա արդյունքներով ավելիի հույս ունի»,- ասել է Փաշինյանը:

2022 թվականի բյուջեի եկամուտները, ըստ նախագծի, կազմում են 1 տրիլիոն 946 մլրդ դրամ, որը 2021-ի նկատմամբ ավել է 17 տոկոսով, իսկ 2020-ի նկատմամբ՝ 25 տոկոսով:

402