Կիպրոս կատարած պաշտոնական այցի եզրափակիչ օրը ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Կիպրոսի Հանրապետության նախագահի հանձնակատար Ֆոտիս Ֆոտիուին: Այդ մասին հայտնում է ԱԺ պաշտոնական կայքը:

Նախագահի հանձնակատարը, ողջունելով հյուրերին, Կիպրոսի նախագահի բարեմաղթանքներն է փոխանցել` ափսոսանք հայտնելով, որ նա աշխատանքային այցով օրեր առաջ մեկնել է երկրից:

ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել հանդիպման և ջերմ ընդունելության համար` հավելելով, որ հայերի ու կիպրացիների արժեհամակարգի ու աշխարհընկալման ընդհանրությունները հայ-կիպրական դարավոր բարեկամության հենքն են:

Երկուստեք կարևորվել են Հայաստանի ու Կիպրոսի կողմից ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված շարունակական ջանքերը, ինչպես նաև միասնական պայքարը համամարդկային իրավունքների ու արժեքների պահպանման և արդարության վերականգնման հարցերում: Ալեն Սիմոնյանն անգնահատելի է համարել եղբայրական Կիպրոսի իշխանությունների և խորհրդարանի բոլոր գործընկերների սկզբունքային դիրքորոշումը Հայաստանին և հայ ժողովրդին առնչվող բոլոր կենսական հարցերում:

Նախագահի հանձնակատարը, անդրադառնալով հայ-կիպրական հարաբերությունների զարգացման հեռանկարներին, կարևորել է Կիպրոսի հայ համայնքի դերը: Նա ՀՀ ԱԺ նախագահին մանրամասներ է ներկայացրել  հայկական դպրոցների և եկեղեցու պահպանման գործում պետական հոգածության մասին:

Անդրադարձ է եղել հայկական և կիպրական սփյուռքին` կարևորելով սփյուռքի գործոնը համատեղ խնդիրների բարձրաձայնման և անհրաժեշտ լուծումներ նախանշելու հարցերում:

Կողմերն անդրադարձել են Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիային` այս համատեքստում քննարկելով անհետ կորածների, ռազմագերիների և պատանդության մեջ գտնվողների թեման:

Նախագահի հանձնակատարն ընդգծել է, որ Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ հարաբերությունները Կիպրոսի առաջնահերթություններից են: Նա տեղեկացրել է, որ այդ շրջանակում  նախատեսվում է հայերի և պոնտոսցի հույների ցեղասպանություններին վերաբերող ցուցահանդես բացել Հունաստանի հայաշատ Սալոնիկ քաղաքում:

Հանդիպման ավարտին կողմերը վստահություն են հայտնել, որ համատեղ ծրագրերի իրականացումը նշանակալի ներդրում կունենա Հայաստանի և Կիպրոսի միջև առկա գերազանց հարաբերությունների առավել ընդլայնման և բազմաբնույթ համագործակցության նոր հնարավորությունների  նախանշման հարցում:

164