22 տարի առաջ՝ 1999 թ. հոկտեմբերի 27-ին, խորհրդարանում գնդակահարվեց Հայաստանի իշխանությունը։

Ահաբեկիչները` Նաիրի Հունանյանի գլխավորությամբ,  ներխուժեցին Ազգային ժողովի շենք ու սպանեցին երկրի գլխավոր պետական գործիչներին՝ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանին ու Ռուբեն Միրոյանին, պատգամավորներ՝ Միքայել Քոթանյանին, Հենրիկ Աբրահամյանին, Արմենակ Արմենակյանին, պետնախարար Լեոնարդ Պետրոսյանին։

Սպանդն իրականացնելուց հետո Նաիրի Հունանյանը պահանջներ էր ներկայացրել, անգամ խոսել Ազգային համաձայնության կառավարություն ձևավորելու մասին: «Թող նախագահը գա, միասնաբար որոշենք մեր երկրի ապագան»,- ասում էր ոճրագործը` խոստանալով, որ Ռոբերտ Քոչարյանի անձին վտանգ չի սպառնա:

Քոչարյանը ժամանում է խորհրդարան: Քոչարյան-Հունանյան բանակցությունների արդյունքում Նաիրի Հունանյանը հանձնվում է` ունենալով նախապես ձեռք բերված երաշխիք, որ խմբի ոչ մի անդամ մահապատժի չի ենթարկվելու:

Ոճրագործությունից հետո զինվորականները Քոչարյանից  պահանջում էին այդ օրերին Ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանի և Ներքին գործերի նախարար Սուրեն Աբրահամյանի հրաժարականները, սակայն Ռոբերտ  Քոչարյանը  ասում էր, որ չի կարելի նման պահերին պահանջել ուժային նախարարների հրաժարականը, քանի որ իշխանությունը առանց այդ էլ թուլացված է: 

Անհասկանալի և անտրամաբանական է, թե ինչու էր թուլացած իշխանության ղեկին կանգնած Ռոբերտ Քոչարյանը սգալու փոխարեն ժպտում պետական առանցքային պաշտոնյաների հոգեհանգստի արարողությանը:

Քոչարյանը ահաբեկչությունից հետո ՀՀ վարչապետ է նշանակում գնդակահարված վարչապետի եղբորը` Արամ Սարգսյանին, սակայն լարված մթնոլորտը չէր թուլանում: Քոչարյանից շարունակում էին պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը: Մեկ տարի անց Քոչարյանը վարչապետի պաշտոնից հեռացրեց Արամ Սարգսյանին, և իշխանության ներսում մարեցին հոկտեմբերի 27-ի հետ կապված բոլոր խոսակցությունները:

Ցավոք, 1999-ի հոկտեմբերի 27-ի առեղծվածային ոճրագործությունից 22 տարի անց բազմաթիվ հարցեր անպատասխան են մնացել:

Հայկ Մագոյան

4200