Հոկտեմբերի 25-ին Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան 98/8 շենքի բակում բացվեց 44-օրյա պատերազմում անմահացած Գևորգ Կարապետյանի հիշատակը հավերժացնող հուշարձան և հուշաղբյուր: Ամենևին պատահական չէր ընտրվել վայրը: Քանզի հենց այդտեղ է անցել Գևորգի մանկությունը:

Գևորգ Գեղամի Կարապետյանը ծնվել է 1999 թ. հուլիսի 10-ին։ Սովորել է Վ. Համբարձումյանի անվան N12 դպրոցում: Դպրոցական տարիներին զբաղվել է սպորտով, հաճախել է կարատեի դասերի։ 9-ամյա կրթությունը ստանալուց հետո շարունակել է սովորել ԵՊ Տեխնոլոգիական քոլեջում՝ որպես փորձագետ-ապրանքագետ։ Այնուհետև ուսումը շարունակել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի «կառավարում» բաժնում։ Ունենալով գերազանց առաջադիմություն՝ Գևորգը համալսարանում ուսումը սկսել է 2-րդ կուրսից։ Հետո սովորել է Ավիաուսումնական կենտրոնում, 1 տարի ուսումնառությունից հետո՝օգոստոսի 13-ին, զորակոչվում է բանակ։ Խոջալուում էր ծառայում։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, երբ սկսվեց պատերազմը, Գևորգն ու իր մարտական ընկերները կենաց-մահու կռիվ են տվել նախ Ջրականում, ապա Մարտունի 2-ում: Մի քանի օր անց առաջադրանք կատարելու համար Գևորգն ու իր ընկերները տեղափոխվում են Վարանդա` Ֆիզուլի: Ցավոք, հոկտեմբերի 24-ին ընկնում է նաև Գևորգը:

Հուշարձանի և հուշաղբյուրի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին հերոսի հարազատները, ընկերներն ու մտերիմները:

Ներկաները նախ մեկ րոպե լռությամբ հարգեցին պատերազմում ընկած հերոսների հիշատակը, որից հետո հոգևոր հովվի կողմից տեղի ունեցավ հուշարձանի և հուշաղբյուրի օծման արարողություն:

Հանդիսավոր արարողությունից հոտո ներկաները ծաղիկներ խոնարհեցին հուշակոթողի մոտ: Երեխաներն էլ հայրենասիրական երգեր երգեցին ու ասմունքեցին:

Գևորգին ճանաչողները ափսոսանքով, բայց միևնույն ժամանակ մեծ հպարտությամբ հիշեցին ու պատմեցին հերոսի մասին:

Հայրենասեր, խելացի, ընկերասեր: Այսպես են բնորոշում Գևորգին: Նաև նշում են, որ այս վայրը դառնալու է սրբատեղի, քանզի Գևորգն ու իր նման տղաները գնացին հանուն Հայրենիքի ու հանուն ապրողաց:

Մանրամասները` տեսանյութում:


 

596