Կառավարությունը վերաբաշխում է կատարել պետբյուջեի մասին օրենքում, փոփոխություններ և լրացումներ նախկինում ընդունած որոշումներից մեկում և 67,832.0 հազար դրամ հատկացրել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը: Նման որոշման ընդունումը պայմանավորված է Տավուշի մարզի Ենոքավան համայնքում խմելու ջրագիծ կառուցելու համար սուբվենցիա տրամադրելու նպատակով: Ըստ հիմնավորման, Ենոքավան համայնքում 159 ընտանիք՝ շուրջ 545 մարդ, խմելու ջուր չունի: Բնակիչներն օգտվում են գյուղամիջյան ծորակից, որի թողունակությունը ցածր է: Ջրագծի ընդհանուր արժեքը կազմում է 83832,5 հազար դրամ, որից համայնքի ներդրումը կկազմի 16,0 մլն դրամ:

Գործադիրն ընդունել է համապատասխան որոշում՝ Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքի Արգիճի և Աստղաձոր գետավազանի գյուղատնտեսական նշանակության հողատարածքների ոռոգման խնդիրները կարգավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Հիմնավորման համաձայն՝ Արգիճիի և Աստղաձորի ջրամբարների կառուցումը մեծապես կնպաստի Գեղարքունիքի մարզի ոռոգման համակարգի զարգացմանը, բնապահպանական մի շարք խնդիրների կարգավորմանը, էլեկտրաէներգիայի խնայողությանը: Մասնավորապես՝ 6.5 մլն խմ Արգիճիի ջրամբարի կառուցմամբ հնարավոր կլինի ամբողջությամբ հրաժարվել մեխանիկական եղանակով ոռոգման ջրի մատակարարումից և 1206 հա հողերի ոռոգումը փոխադրել ինքնահոս եղանակի, բարձրացնել ներկայում ինքնահոս եղանակով ոռոգվող 2806 հա ոռոգելի հողերի ջրապահովվածությունը՝ ապահովելով կայուն ջրամատակարարում ոռոգման ողջ շրջանում, լրացուցիչ ոռոգելի դարձնել /ինքնահոս եղանակով/ ևս շուրջ 1000 հա մշակովի հողատարածքներ, ջրամբարից ներքև ընկած գետահունային հատվածներում ապահովել կայուն ջրահոսքեր` վերացնելով գարնան ու աշնան վարարումների ամենամյա բացասական հետևանքները, առավել նպաստավոր պայմաններ ստեղծել ջրամբարից ներքև գետահունի էկոհամակարգի կենսատևման համար:

718