Ինչպես տեղեկացրել ենք, արդեն հայտնի են Սպիտակի ՏԻՄ ընտրություններին առաջադրված կուսակցությունները:

Դրանցից մեկը «Իմ Հզոր համայնք» կուսակցությունն է, որի համամասնական ցուցակը գլխավորում է Սպիտակի ՀՀԿ-ական նախկին համայնքապետ Գագիկ Սահակյանը:

Ի դեպ, Սահակյանն այժմ անցնում է դեռևս այս տարվա մայիսին Սպիտակի համայնքապետարանում 2015-2020 թթ.-ին առերևույթ կոռուպցիոն չարաշահումների փաստով հարուցված քրեական գործով, որն այժմ գտնվում է նախաքննության փուլում: 

Գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի («Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը») 2-րդ մասի, 314-րդ հոդվածի («Պաշտոնեական կեղծիքը») 1-ին մասի, 179-րդ հոդվածի («Յուրացնելը կամ վատնելը») 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

«Հայկական ժամանակի» հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը հայտնեց, որ քրգործով անցնում են համայնքապետարանի տարբեր աշխատակիցներ՝ վարորդից մինչև նախկին համայնքապետը՝ Գագիկ Սահակյանը: 

Նշենք, որ այժմ «Իմ Հզոր համայնք» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Գագիկ Սահակյանը Սպիտակ համայնքը ղեկավարել է շուրջ 12 տարի՝ 2008-ից մինչ 2020 թթ.-ը:

Հիշեցնենք նաև, որ դեռևս անցած տարվա դեկտեմբերին՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հայտարարությունից հետո, Սպիտակի համայնքապետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին միանալու վերաբերյալ Սպիտակի համայնքապետի և ավագանու վեց անդամների անունից հայտարարություն տարածվեց: Սրան ի պատասխան՝ համայնքի որոշ բնակիչներ բողոքի ակցիա իրականացրին համայնքապետարանի շենքի մոտ՝ հայտնելով, որ վարչապետի փոխարեն պետք է հրաժարական տա համայնքի ղեկավարը:

194