«Ես գիտեմ, որ մարզպետները գալիս և գնում են, լրագրողները մնում են. լիահույս եմ, որ համագործակցությունը հետագայում արդյունավետ կլինի, պատրաստ եմ բաց, թափանցիկ աշխատանքի: Մարզպետարանի դռները միշտ բաց կլինեն լրագրողների առաջ»,- այս մասին այսօր Գյումրիում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Շիրակի նորանշանակ մարզպետ Նազելի Բաղդասարյանը:
Մարզպետի պաշտոնը ստանձնել պատասխանատու քայլ է: Որոշել եմ վերադառնալ մարզ` գիտակցելով մարզի խնդիրների ողջ սպեկտորը:
Դիտարկմանը, թե ինքը Շիրակի մարզ է գործուղվել՝ համայնքների խոշորացման նպատակով նշանակված ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի համար հաղթանակ ապահովելու, Նազելի Բաղդասարյանն ընդգծեց.
«Ես չէի ուզենա այդ գործընթացները ուղիղ կապել: Այո՛, Գյումրու ՏԻՄ ընտրության արդյունքները եղել են ազդակ․ և մենք որոշակի որոշումներ փոփոխել ենք թիմի ներսում։ Եվ ես չեմ թաքցնում, որ այս կադրային փոփոխությունը կապված է դրա հետ, բայց ինչ վերաբերում է առաջիկա ՏԻՄ ընտրություններին, եկեք ֆիքսենք, որ մարզպետը քաղաքական պաշտոն չէ, վարչական պաշտոն է, և ես շարունակելու եմ գործել և մնալ իմ լիազորությունների շրջանակում նախևառաջ իմ առաջ դնելով մեկ կարևոր հանգամանք՝ Շիրակի մարզի զարգացման ապահովում»։
Նա հույս հայտնեց, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ը տարբեր համայնքներում կկարողանա հաղթանակ տանել։