Այսօր՝ նոյեմբերի 12-ին, հրավիրվել է Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողոի հերթական նիստը: Օրակարգի երկրորդ հարցը վերաբերում է Տեղական ինքնակառավարման մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելուն: Օրենքի նախագիծը արդեն իսկ ընդունվել է ԱԺ-ում առաջին ընթերցմամբ:

 «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, վկայակոչելով իր մարզային հանդիպումները, նշեց, որ մտավախություն կա, որ վարչական ղեկավարները տեղացի չեն լինի. «Միգուցե արձանագրենք, որ վարչական ղեկավարը տվյալ բնակավայրից լինի»:

Ի պատասխան՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանն ընդգծեց, որ իրենք շատ ավելի կարևոր բան են արել, այն է՝ վարչական ղեկավարը պետք է ընդունելի, ընկալելի լինի համայնքի բնակչության կողմից. «Հիմա եթե այդ վարչական ղեկավարը ընդունելի, ընկալելի լինի համայնքի բնակչության կողմից, ապա բոլորովին պարտադիր չէ, որ ինքը հաշվառված լինի այդ համայնքում և ոչ թե, ասենք, համայնքի կենտրոնում կամ ուրիշ համայնքում: Իսկ եթե ինքը ընդունելի չի բնակչության կողմից, ապա ուղղակի չի նշանակվի: Մենք մինչև հիմա չենք ունեցել դեպք, որ համայնքի ղեկավար նշանակվի մեկը, ում բնակչությունը ընդգծված չի ընդունում»:

Հանձնաժողովի նախագահը ցույց տվեց օրենքի նախագիծը, ըստ որի՝ վարչական ղեկավարը տվյալ բնակավայրի հաշվառված բնակիչ պետք է լինի: «Իզուր էլ գրել ենք»,- կատակեց փոխնախարարը, ինչին էլ պատգամավորն արձագանքեց, որ դրան կարելի է հասնել հավանաբար հետագայում, երբ չկարևորվի տվյալ բնակավայրում հաշվառված լինելու փաստը:

206