Այսօր՝ նոյեմբերի 13-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում:   Ժամը 15:40-ի սահմաններում, Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 16 կմ հատվածում բախվել են ՎԱԶ-2106 և Howo մակնիշի բեռնատարը:  

SHamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով Howo-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ կախվել ձորակի եզրին, իսկ 06-ում խոշոր հրդեհ է բռնկվել:   Օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:  

Հրշեջները մարել են 06-ում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի:   Վթար-հրդեհի հետևանքով 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն:   Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ:

  Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Սերգեյ Համբարձումյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:   Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեասանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Եղեգնաձորի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հրազդան Կոստանյանի գլխավորությամբ:

  Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:   Գ. Շամշյանի տեղեկություններով, հիվանդանոց տեղափոխված 06-ի վարորդը և ուղևորները նրա կինն ու 4 անչափահաս երեխաներն են:

893