Պատվաստումների առավելությունների մասին Եկատերինա II-ի նամակն աճուրդի կհանվի։ Այն Ռուսաստանում զանգվածային պատվաստումների  արշավի մասին առաջին հայտնի փաստաթուղթն է։ Այս մասին հայտնում է RBC-ն՝ հղում անելով MacDougalls’s աճուրդի տան հաղորդագրությանը։

«Եկատերինայի  նամակի և ստորագրության իսկությունը հաստատել է ակադեմիկոս Խրոմովը: Այս փաստաթուղթը բացարձակապես ապշեցուցիչ է. դա պարզապես գրչի հարված չէ, այլ մանրամասն նկարագրություն:  Եկատերինան առաջին մարդն էր Ռուսաստանում, ով պատվաստվեց»,- ասում է MacDougalls-ի տնօրեն Եկատերինա Մակդուգալը:

Նամակը գրվել է կայսրուհու՝ ֆելդմարշալ գեներալ կոմս Պյոտր Ռումյանցևի մոտ Ղրիմ մեկնելու ժամանակ։ Նա  մտահոգութուն է հայտնել, թե ինչպես կարելի է կազմակերպել պատվաստումը պետական ​​մակարդակով։ Նա նաև պատվաստումների բացակայությունն անվանել է «մեծ վնաս»:

Եկատերինա II-ի նամակը և նրա դիմանկարը կցուցադրվեն մեկ լոտով՝ 78-117 մլն ռուբլի մեկնարկային արժեքով:  Ցուցահանդեսը տեղի կունենա նոյեմբերի 19-ից 30-ը, Տագանկայում գտնվող Զուբովների կալվածքում:

Հայտնի է, որ 1768 թվականի հոկտեմբերին Եկատերինա II-ն առաջինն էր Ռուսաստանում, ով պատվաստվեց ջրծաղիկի դեմ։ Կայսրուհին  այդ քայլին դիմեց Ռուսաստանն ու Եվրոպան գրաված համաճարակի  ժամանակ:

Այն ժամանակ կիրառվում էր մի մեթոդ, որը կոչվում էր վարիոլացիա։ Մեթոդի էությունն այն էր, որ  պատվաստված անձին ձեռքի վրա մի քանի կտրվածք են արել և հիվանդից ստացված ջրծաղիկի վարակ են ներարկել այնտեղ, օրինակ՝ վերքի թարախով թրջված թել են քաշել։ Այս մեթոդով պատվաստվածների մահացությունը կազմել է մոտ 2% և 20 անգամ ցածր, քան չպատվաստվածների մոտ։

404