ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի՝ ՀՀ Կառավարության սահմանած ռիսկերի մեթոդաբանության համաձայն հաստատված 2021 թ. տարեկան ծրագրում առաջին անգամ ներառվել է «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն։

Ընթացիկ տարում այս ընկերությունում ստուգումներ են իրականացվել առողջապահության նախարարի 2002 թ. N 803 և N 876 հրամանների պահանջների (խմելու ջրի որակին և ջրամատակարարման կենտրոնացված համակարգերին ներկայացվող հիգիենիկ պահանջներ) պահպանումը պարզելու նպատակով։

Տեսչական մարմինն առաջին անգամ է կատարել նման ծավալով ստուգում՝ ըստ ներգրավված տեսուչների թվի, լաբորատոր փորձաքննությունների, ըստ ստուգման ենթակա տարածքի մեծության և ներգրավված այլ ռեսուրսների։

Ստուգվել են հանրապետության ամբողջ տարածքում ընկերության կողմից շահագործվող օրական կարգավորող ջրավազանները (ՕԿՋ) և ջրամատակարարման աղբյուրները։

Արձանագրված հիմնական թերություններն են՝

  • սանիտարական պահպանման առաջին գոտիների մի մասը սահմանազատված չէ, հատկապես՝ մարզերում.
     
  • որոշ տեղերում սանիտարական պահպանման առաջին գոտիների պահպանություն չի իրականացվում.
     
  • առաջին գոտում գտնվող ոչ բոլոր շենքերն ունեն կոյուղի և կեղտաջրերի մաքրման կայաններ.
     
  • երբեմն խախտված է մնացորդային քլորի որոշման հաճախակիությունը։

Ստուգումների արդյունքում արձանագրված թերությունների կապակցությամբ «Վեոլիա ջուր» ընկերությանը տրվել են հանձնարարականներ։

Հարկ է նշել, որ խմելու ջրի որակի հիմնական ցուցանիշներն ընդհանուր առմամբ համապատասխանում են գործող նորմերին, և որակի նկատմամբ հսկողությունն ընկերությունն իրականացնում է ամենօրյա կտրվածքով՝ սահմանված ժամկետներում։

125