Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանը կդառնար 25 տարեկան: 

2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները լայնամասշտաբ հարձակման են անցնում։ Արցախի Հանրապետության հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված հենակետային դիրքերը հրետակոծելուց հետո ադրբեջանական ստորաբաժանումներն անցնում են գրոհի։ Շուրջ երեք հարյուր հոգուց բաղկացած խմբերը տանկերի աջակցությամբ փորձ են կատարում գրավելու հայկական դիրքերը։

Վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանի հրամանատարությամբ վեց զինծառայողից բաղկացած սահմանապահ ուժերն անցնում են շրջանաձև պաշտպանության՝ երկու անգամ հաջողությամբ հետ մղելով հակառակորդի հարձակումները ու խոցելով նաև թշնամու մեկ տանկ։ Անհաջող հարձակման փորձից հետո թշնամին նահանջում է և կրկին սկսում հրետանակոծել հայկական դիրքերը։

Վաշտի հրամանատարի մահվանից հետո, ոտքի վիրավորում ստացած կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանը հրամանատարությունը վերցնում է իր վրա և պատնեշի վրայից շարունակում մարտը։ Նկատելով, որ խրամատում զինամթերքը վերջանում է, զինվորներին ուղարկում է փամփուշտ բերելու։ Այդ ընթացքում հակառակորդին հաջողվում է թափանցել դիրք։ Աբաջյանը, կողքին մնացած միակ ծառայակցի՝ վիրավորում ստացած գնդացրորդ Անդրանիկ Զոհրաբյանի հետ, համառ դիմակայությամբ, նահանջում են դեպի դիրքային կացարան։ Արյունահոսությունից շուտով մահանում է Զոհրաբյանը։

Մարտական խորշում դիրքավորվելով, Ռոբերտ Աբաջյանը մինչև վերջին փամփուշտը շարունակում է միայնակ կռվել թշնամու մեծաթիվ ուժերի դեմ, միևնույն ժամանակ կապ հաստատելով գումարտակի հրամանատարի հետ և վերջինիս կարևոր տեղեկություններ հաղորդելով դիրքում կատարվող դեպքերի մասին։ Նկատելով իրեն մոտեցող թշնամուն, Աբաջյանը վերջին անգամ կապի է դուրս եկել և ասել, որ արդեն հանել է իր մոտ մնացած վերջին նռնակը ու պատրաստ սպասում է՝ հենց մոտենան, իր հետ միասին պայթեցնելու է նրանց, որ չհանձնվի։ Տեսնելով իրեն մոտեցող հակառակորդին, Աբաջյանը բացված նռնակը թաքցնում է ափի մեջ և ձեռքերը վեր բարձրացնում, իբր հանձնվում է։ Թույլ տալով, որ բավականաչափ իրեն մոտենան, Աբաջյանն իր հետ միասին նռնակով պայթեցնում է հակառակորդի մի քանի զինվորի։

Ապրիլի 11-ին զինվորական կարգով Ռոբերտ Աբաջյանին հողին հանձնեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։ 2016 թվականի ապրիլի 2-ից 5-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդի լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանով Ռոբերտ Աբաջյանին հետմահու շնորհվում է «Արցախի հերոս» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բարձրագույն կոչում և «Ոսկե արծիվ» շքանշան։  

 

1722