Այսօր կառավարությունը 462 միլիոն դրամ հատկացրեց 4 մարզերում սուբվենցիոն ծրագրերի համար:  

«Նախագծով ներկայացվում է համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 2021 թվականին հավանություն ստացած, իրականացված կամ իրականացվող 4 մարզերի 4 համայնքների թվով 4 ծրագրեր: Առաջարկում ենք պետական բյուջեից հատկացնել 462 միլիոն 256 հազար դրամ: Համայնքներն իրենց մասնաբաժինը կատարել են, հիմա պետական մասնաբաժնի իրականացման հերթն է»,- նշեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

Խոսելով Գյումրիում իրականացվող ծրագրի մասին՝ Սանոսյանը հայտնեց, որ ձեռք է բերվում 63 միկրոավտոբուս՝ ներքաղաքային տրանսպորտային ցանցը թարմացնելու համար:

«Մրցույթի արդյունքում ընդհանուր գումարը 882 միլիոն դրամ է կազմել, որի 50 տոկոսը վճարում է Գյումրիի համայնքապետարանը, մյուս 50 տոկոսը՝ պետությունը»,- հավելեց Սանոսյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ 2021 թվականին համայնքներում շուրջ 47 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրեր են իրականացվում, իսկ 2018-ից ի վեր շուրջ 80 մլրդ դրամի ծրագրեր են իրականացվել։

Նա նաև նշեց, որ բացի սուբվենցիոն ծրագրերից, պետությունը համայնքներում նաև ուղիղ ներդրումներ է արել, որոնց շրջանակներում 2018 թ-ից ի վեր համայանքներին 86 մլրդ դրամ է տրամադրվել։

677