Հայաստանում նախատեսվում է 2022-ին պետբյուջեից սահմանամերձ համայնքների պետական աջակցության համար հատկացնել 1 մլրդ 155 մլն դրամ: Այս մասին այսօր ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

«2022 թվականի պետական բյուջեից նախատեսված է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացնել 335 մլրդ 257 մլն դրամ, որից միայն 209 մլրդ 594 մլնը կապիտալ բնույթի ծախսեր են, 125 մլրդ 663 մլնը՝ ընթացիկ բնույթի ծախսեր»,- նշեց նախարարը:

Տարածքային կառավարման մասով նախատեսվում է իրականացնել 8 խոշոր ծրագիր, որոնց մեջ ներառված է 131 մլրդ 40 մլն դրամ:

Անդրադառնալով սահմանամերձ համայնքներին պետական աջակցության միջոցառմանը՝ նախարարն ասաց, որ այստեղ ներառված է 1 մլրդ 155 մլն դրամ: Նախատեսված է ՀՀ 5 մարզերի թվով 23 համայնքների 81 բնակավայրերի բնակիչներին աջակցություն ցուցաբերել՝ բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի և այլ արտոնությունների մասով:

Ենթակառուցվածքների զարգացման նպատակով մարզերին սուբվենցիաների տրամադրման համար նախատեսված է շուրջ 18 մլրդ դրամ հատկացնել:

201