Կառավարության հաջորդ նիստում հավանաբար կներկայացվի ծրագիր՝ Մեղրիի ազատ տնտեսական գոտում բավական խոշոր իրանական ընկերությունների խմբի կողմից ներդրում կատարելու մասին։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Ծրագիրը հաստատվելուց անմիջապես հետո կսկսի իրագործվել։ Բացի այդ, էլի բազմաթիվ այլ թեմաներ կան Մեղրիում՝ զբոսաշրջային, գյուղատնտեսական ոլորտներում»,- ասաց նա։

Հարցին, թե Սյունիքի այլ համայնքներում, օրինակ՝ Կապանում, ներդրումներ նախատեսվո՞ւմ են, Քերոբյանն ասաց․ «Դուք գիտեք, որ կան խնդիրներ, որոնք առաջացել են այն պատճառով, որ ճանապարհների որոշ հատվածներ ադրբեջանցիները փակել են։ Ճանապարհները, որոնք, ըստ քարտեզների, գտնվում են սահմաններից այն կողմ, դրա պատճառով առաջացել են որոշակի դժվարություններ։ Այդ տարածքները գտնվում են Ադրբեջանի տարածքում, երեկ վարչապետը շատ մանրամասն պատասխանեց այդ հարցին»։ Ըստ Քերոբյանի՝ կան բազմաթիվ հայ ներդրողներ, որոնք ներդրումներ արել են Սյունիքում ու շարունակում են անել։

321