ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կարծում, թե կդիտարկի ՀԱՊԿ-ից դուրս գալու հանգամանքը։ Նա նման կարծիք հայտնեց այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ` պատասխանելով հարցին, թե հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինչպես մայիսի 12-ին, այնպես էլ նոյեմբերի 16-ին ՀԱՊԿ–ը համարժեք ձևով չարձագանքեց Ադրբեջանի քայլերին, Հայաստանը ե՞րբ կարող է դիտարկել ՀԱՊԿ–ից դուրս գալու հանգամանքը։

«Հայաստանը, չեմ կարծում, թե կդիտարկի ՀԱՊԿ-ից դուրս գալու հանգամանքը, քանի որ ՀԱՊԿ-ը նաև Ռուսաստանի հետ մեր ռազմավարական հարաբերությունների շատ կարևոր օղակ է։ Որպես նախագահող երկիր` պետք է աշխատենք, որ ՀԱՊԿ-ը պատշաճ մասնակցություն ունենա մեր տարածաշրջանում անվտանգության ապահովմանը»,–ասաց Փաշինյանը։

Սակայն, ըստ Փաշինյանի, վերջին շրջանում մի քանի իրողություններ եղան, որոնք պետք է արձանագրել. նախ ՀԱՊԿ երկրներից մի քանիսը վերջերս Թուրքիայի և Ադրբեջանի հետ, ըստ էության, թուրքական աշխարհի հռչակագիր, ռազմավարություն ստորագրեցին։ Սա, ըստ նրա, իրողություն է, որը չի կարող իր ազդեցությունը չունենալ։ Իսկ հաջորդ իրողությունն էլ այն է, որ Ռուսաստանը ՀՀ ռազմավարական գործընկերն է, և այդ գործընկերությունն անգնահատելի է։

«Ուզում եմ ընդգծել, որ չափազանց բարձր եմ գնահատում ՌԴ դերը ՀՀ անվտանգության ապահովման գործում, ինչպես նաև ռուս խաղաղապահների գործունեությունը ԼՂ–ում։ Պետք է արձանագրել նաև, որ, միաժամանակ, Ռուսաստանն Ադրբեջանի թշնամին չէ` ՌԴ–ն բարեկամ և դաշնակից երկիր է նաև Ադրբեջանի համար»,–ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` սա է պատճառը, որ ՌԴ–ն փորձում է ոչ ուժային լուծումներ գտնել և հակամարտության մեջ չներքաշվել։

447