Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները կոնկրետ արդյունքների չեն հանգեցրել։ 

«2021 թվականի նոյեմբերի 23-ին Թեհրանում ես հանդիպումներ ունեցա Իրանի փոխնախագահ Մոհամմադ Էսլամիի և արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ։ Չնայած իմ բոլոր ջանքերին, հանդիպումները  անհաջող ստացվեցին»,- ասվում է Գրոսսիի հայտարարության մեջ՝ ուղղված ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդին, որը ներառում է 35 երկիր։ 

Երեքշաբթի օրը ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը բանակցություններ էր սկսել Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար, փոխնախագահ Մոհամմադ Էսլամիի հետ, ինչպես նաև հանդիպել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ։ Հանդիպումների արդյունքում Գրոսսին ասել է, որ Թեհրանը և ՄԱԳԱՏԷ-ն պատրաստ են հնարավորինս արագ լուծել երկու կողմերի միջև առկա բոլոր խնդիրները, բացի այդ, կողմերը պայմանավորվել են շարունակել համատեղ աշխատանքը՝ իրանական միջուկային ծրագրի թափանցիկությունն ապահովելու համար։

167