Պաղեստինի քաղաքացի, ազգությամբ արաբ Իբաիդա Նասսարը ՀՀ քաղաքացիներից 5-6 ամսում խաբեությամբ հափշտակել է 611 800 ԱՄՆ դոլար:
 

ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է Պաղեստինի բնակիչ, ազգությամբ արաբ Իբաիդա Ա.Ա. Նասսարի` խաբեությամբ առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու դեպքերի մի շարք հանգամանքներ:

 

Պարզվել է, որ Նասսարը 2019թ. հունիսից մինչև հոկտեմբեր Հայաստանում ներկայացել է որպես սիրիացի մեծահարուստ գործարար և Երևանի բնակիչ Շահե Պահարյանին հավաստիացրել, որ եթե նրա մտերիմ եզդիներն իրեն տան իրենց գառներն ու ոչխարները, ապա ինքը Ռումինիայից Հայաստան կներկրի 15.000 գլուխ գառ և ոչխար:

 

Նասսարը նաև վստահեցրել է, որ Բելառուսի բանկերից մեկում 3.000.000 ԱՄՆ դոլար ունի, որի վրա դրված է արգելանք և վաճառված գառների գումարով կարող է նշված գումարը հանել արգելանքից և այն ներդնել ՀՀ-ում՝ գառների առքուվաճառքի գործը կազմակերպելու համար: Եզդիները, վստահելով պաղեստինցուն, նրան են հանձնել իրենց կենդանիներին` 15 օրվա ընթացքում գումարը վճարելու պայմանով:

 

Շահե Պահարյանն էլ կազմակերպել է գառների և ոչխարների մորթը ՀՀ–ի տարբեր մարզերում գործող սպանդանոցներում, միսը վաճառել և ստացված գումարներից 216 937 440 դրամին համարժեք 456 000 դոլարը 2019թ-ի հունիսից մինչև սեպտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում մաս-մաս հանձնել Նասսարին:

 

Բացի այդ, պաղեստինցին տարբեր պատճառաբանություններով ու վերադարձնելու խոստմամբ Շահե Պահարյանից մաս-մաս ստացել է 33 301 800 ՀՀ դրամին համարժեք 70.000 դոլար։ 2019թ. սեպտեմբերի 5-ին Նասսարին, մեկնել է Հայաստանից, իսկ Շահե Պահարյանը, շարունակելով վստահել նրան, գառների և ոչխարների մսի վաճառքից ստացված մնացած գումարները՝ ընդհանուր 40 860 324 ՀՀ դրամին համարժեք 85 800 դոլարը մաս-մաս բանկով փոխանցել է նրա հաշվեհամարներին: Արդյունքում՝ քննչական մարմնի հաշվարկով Նասսարը 5-6 ամսում ՀՀ քաղաքացիներից խաբեությամբ հափշտակել է 291 099 564 դրամին համարժեք 611 800 ԱՄՆ դոլար: Իբաիդա Ա.Ա. Նասսարը ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (խարդախություն) 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում և որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է:



 

214