Այսօր պաշտոնապես մեկնարկել է «Վերափոխելով Հայաստանի ճանապարհային երթևեկության անվտանգությունը՝ տվյալների, մարդկանց և ճանապարհային քաղաքականությունների միավորմամբ» ծրագիրը:

 

Ծրագիրը նորարարական գործիքների միջոցով աջակցելու է ճանապարհային երթևեկության անվտանգության բարելավմանը՝ նպաստելով ճանապարհատրանսպորտային պատահարների զոհերի թվի 50 տոկոսով կրճատմանը մինչև 2030 թ․։

 

Ծրագիրը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) Հայաստանի կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի համատեղ նախաձեռնությունն է, որն իրականացվում է ՄԱԿ-ի ճանապարհային երթևեկության անվտանգության հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ և նպատակ ունի Հայաստանի ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ոլորտում խթանել փաստահենք ու փորձարկումների վրա հիմնված քաղաքականությունների մշակումը։

«Աշխարհում ՃՏՊ-ների պատճառով յուրաքանչյուր 24 վայրկյանը մեկ մարդ է զոհվում։ Տարեկան ավելի քան 300 մարդ է մահանում Հայաստանի ճանապարհներին ավտովթարների պատճառով։ Բոլորիս պատասխանատվությունն է կանխել այս դեպքերը։ Այս ծրագրի օգնությամբ ՄԱԶԾ-ի ԿԶՆ նորարարական կենտրոնը Հայաստանում կխթանի փաստահենք և փորձարարական քաղաքականությունների մշակման փորձը՝ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային ռազմավարության» իրականացմանը աջակցելու նպատակով»,- նշել է Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին իր ողջույնի խոսքում։

 

«Նախագիծը, որը մենք մեկնարկում ենք այսօր, կարևոր հիմնաքար է ազգային ռազմավարության իրականացման գործում: Դրա շրջանակում ՅՈՒՆԻՍԵՖ-ը ստեղծելու է վարքագծի ձևավորմանն ուղղված տեղեկատվական կրթական նյութեր համայնքային մակարդակում շահագրգիռ կողմերի և երեխաների համար, ներառելու է ճանապարհային անվտանգության հարցերը առողջապահական համակարգի միջոցով իրականացվելիք ծնողական կրթության և ծնողներին ուղղված խորհրդատվության մեջ, ինչպես նաև կկազմակերպի կրթական-խաղային դասընթացներ փոքր երեխաների ծնողների և դեռահասների համար»,- ասել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնին:

Նախագիծը կիրականացվի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՀՀ ոստիկանության հետ սերտ համագործակցությամբ և կնպաստի ճանապարհային երթևեկության անվտանգության և ավտովթարների հետ առնչվող տվյալների արդյունավետ հավաքագրմանը, համադրմանը և վերլուծությանը։

 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը կարևորել է ծրագիրն ու միջոցառումը՝ որպես երկխոսության յուրօրինակ հարթակ Հայաստանի ճանապարհային անվտանգության հիմնախնդիրների բարելավման շուրջ նոր լուծումներ ու մոտեցումներ փնտրելու և համագործակցություններ սկսելու համար։

 

ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Մկրտչյանը նշել է, որ ոստիկանությունում ընթացող բարեփոխումների նպատակներից է նաև հնարավորինս ընդլայնել տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը գործունեության ամենատարբեր ուղղություններում, ինչն էականորեն կբարձրացնի աշխատանքի արդյունավետությունը։

 

Հյուրերին ողջույնի խոսք է հղել նաև ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավար Ննեկա Հենրին։

 

«Վերափոխելով Հայաստանի ճանապարհային երթևեկության անվտանգությունը՝ տվյալների, մարդկանց և ճանապարհային քաղաքականությունների միավորմամբ» ծրագրի իրականացման ընթացքում ԿԶՆ նորարարական կենտրոնի թիմը կաշխատի նաև Շվեդիայի ճանապարհների ազգային խորհրդատվական ընկերության՝ SweRoad-ի հետ՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համար փաստահենք և վարքաբանական միջամտությունների իրականացման իրենց հսկայական փորձով կիսվելու համար։

Միջոցառման ընթացքում ԿԶՆ նորարարական կենտրոնի ղեկավար Տիգրան Ճորոխյանը ներկայացրել է ծրագրի մանրամասները։ Ծրագրի արդյունքում մշակված տվյալների վերլուծական գործիքը կօգնի բացահայտելու «սև կետերը» (black spots) և ավտովթարների հիմնարար պատճառները՝ կոնկրետ տարածքներում նպաստելով փաստահենք միջոցառումների իրականացմանը: Այս տվյալներն իրենց հերթին թույլ կտան ավելի թիրախավորված վարքաբանական ու կրթական միջամտություններ իրականացնել:

 

Միջոցառման եզրափակիչ մասում ներկաները կլոր սեղանի շուրջ քննարկել են Հայաստանում ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի իրավիճակը՝ ոլորտում խնդիրները բարձրաձայնելու և ջանքերը համատեղելու նպատակով։

 

Տարեկան ավելի քան 300 մարդ, այդ թվում՝ երեխաներ են մահանում Հայաստանի ճանապարհներին ավտովթարների պատճառով. մեկ շնչի հաշվով սա շատ ավելի մեծ թիվ է հարևան երկրների վիճակագրական տվյալների համեմատ:

 

Միաժամանակ, ի տարբերություն եվրոպական մի շարք երկրներում նկատվող միտումների՝ երկրում ճանապարհատրանսպորտային պատահարների և դրանց պատճառով մահացությունների թիվը շարունակում է աճել:

 

Պատճառները շատ են՝ սկսած փողոցներում օրեցօր ավելացող մեքենաների ցածր որակից ու սպասարկումից մինչև ճանապարհային ենթակառուցվածքներին առնչվող խնդիրներն ու իրավական կարգավորումները, որոնք էլ ավելի են սրվում ճանապարհներին վարորդների ոչ անվտանգ վարքագծի պատճառով՝ ոչ սթափ վիճակում վարելով, արագությունը գերազանցելով և ճանապարհային երթևեկության կանոններից տեղյակ չլինելով պայմանավորված։

191