Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղի ամեն ընտանիք իր պարտքն է համարում շատ երեխաներ ունենալ (և շատ ասելով նկատի ունենք ոչ թե 3-4, այլ 8-10), դրանով ավելի ամրանալով հայրենի գյուղում, որն Արցախյան առաջին պատերազմի ժամանակ հիմնատակ ավերվել է և տասնյակ զոհեր տվել։ Գյուղի երիտասարդ ընտանիքներից մեկը Վաղինակ ու Քրիստինե Մուսայելյաններն են․ ընդամենը 24 ու 23 տարեկան են, բայց երեք բալիկ ունեն։ Երրորդ երեխայի հայտնվելու գլխավոր «քաջալերողը» Վաղինակի մայրն է եղել։ Հարսին ասել է․ «Ես մեկին ունեցա, դու շատերին բեր»։ Երրորդ թոռանը տատիկը՝ Իրինա Մուսայելյանը, չի տեսել․ կինն անհետ կորել է 44-օրյա պատերազմի ժամանակ։

1992-ին Իրինան ընդամենը 13 տարեկան էր, երբ պատերազմում զոհվեց հայրը։ 1996-ին ադրբեջանցիների հետ փոխհրաձգության ժամանակ զոհվեց Իրինայի ամուսինը։ Զույգը նոր էր ամուսնացել, Իրինան հղի էր։ Իրինան մեծացրեց միակ որդուն՝ Վաղինակին, այլևս չամուսնացավ, այլ երեխա չունեցավ։ Երկար տարիներ նա աշխատում էր Դրմբոնի ոսկու հանքում։ Բայց 2016-ին հոր և ամուսնու հետքերով աշխատանքի անցավ Պաշտպանության բանակում, ապրիլյան պատերազմի ժամանակ արդեն ծառայող էր։ 2021-ին Իրինան աշխատում էր Դրմբոնի զորամասում։

«Ինքն ապրում էր Վաղուհասում, նույն տանն էինք, բայց գործի բերումով Մարտակերտում մի սենյակ ուներ։ Սեպտեմբերի 27-ին Մարտակերտում էր, առավոտյան կանչել են զորամաս ու այլ զինվորականների հետ տարել Թալիշ՝ առաջնագիծ։ Մեզ հարյուր բան են ասել էս ընթացքում, բայց էդպես էլ հստակ չգիտենք՝ ինչի են իրեն տարել։ Տարբերակ կա, որ կռվելու են տարել, քանի որ ինքը զենքին լավ էր տիրապետում, կրակայինները գերազանց էր հանձնում։  Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է Իրինայի հարսը՝ Քրիստինեն։

Կնոջ վերջին կապը եղել է սեպտեմբերի 27-ին` ժամը 16:00-ին։ Զանգել է տղային, ասել, որ երեխաներին հանի գյուղից ու Ղարաբաղից. «Էս մեր իմացած կռիվը չի, սա շարունակվելու ա»։ Պատմել է որդուն նաև իր պահած փողերի տեղը` ասելով, որ թոռների համար ոչինչ չխնայի։ Դրանից հետո զանգել է Քրիստինեին․ հարսը վերջին մարդն է, որի հետ խոսել է Իրինան։

«Ասեց՝ հղիությանդ լավ կնայես, երեխեքիդ լավ կնայես։ Դրանից հետո ինչքան զանգել ենք, անհասանելի է եղել համարը․․․ Դիմել ենք «Ղարաբաղ տելեկոմին», որ մեզ հաշվետվություն տրամադրեն, թե իր համարից էլ ինչ զանգ է գնացել, որտեղից, բայց ասել են՝ հնարավոր չէ, քանի որ պատերազմի ժամանակ գլխավոր կայանին խփել են, ոչ մի ինֆորմացիա չի պահպանվել»,–պատմում է Քրիստինեն։

Իրինայից բացի, նույն դիրքերից նաև երեք զինվորականներ են անհետ կորել։ Երկուսի ԴՆԹ-ները հաստատվել են մի քանի ամիս առաջ։ Անհետ կորած է նաև Իրինայի անմիջական հրամանատարը՝ Լեռնիկ Վարդանյանը։ Մուսայելյանները կապ են պահում Լեռնիկ Վարդանյանի ընտանիքի հետ։ Մի քանի ամիս առաջ Լեռնիկի հեռախոսահամարից զանգ է եկել Լեռնիկի հորը։ Վերցրել է, ոչինչ չեն խոսել։ Զանգը տեղորոշելու խնդրանքով դիմել են ԱԱԾ, ոչինչ չի ստացվել։

Իրինայի ընտանիքում կարծում են, որ նա, այնուամենանիվ, գերի է ընկել։ Կարմիր խաչը անհետ կորած 20 հայերի հարցով հայտ է ուղարկել Ադրբեջանին, վերջինս ընդունել է այդ հայտը և պետք է քննի ու պատասխան տա՝ արդյոք ցուցակում ներառվածները իրենց մոտ գերության մեջ են, թե ոչ։ Բացի այդ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գործեր է ներկայացրել հայ ռազմագերիների «հարկադիր անհետացման» վերաբերյալ։

Երկու հայտերի ցուցակներում էլ կա Իրինա Մուսայելյանի անունը։

«Որ էսքան ժամանակ աճյունը չեն գտել, ոչ մի ԴՆԹ չի հաստատվել, մտածում ենք՝ գերի է։ Համ նենց ենք մտածում, համ սենց․․․ Անորոշ սպասում ենք․․․», - ասում է Քրիստինեն։

Ամենաշատը սպասում են երեք թոռները՝ 3 տարեկան Իրինան, 2 տարեկան Կարենն ու իր ծնունդով տատիկին «պարտական» 8-ամսական Արենը, որոնց համար, ինչպես «հրահանգել» էր Իրինան, ծնողները ոչինչ չեն խնայում․․․

8045