Հայաստանում դեռ շատ գործատուներ շարունակում են այն սկզբունքով առաջնորդվել, թե իգական սեռի ներկայացուցիչներին աշխատանքի ընդունելիս պարտադիր է միայն գեղեցիկ արտաքինը, իսկ ավելի կոնկրետ՝ սեքսուալ գրավչությունն ու «ազատ» մտածելակերպը։

Այն, որ 40-ն անց կանանց համար (չենք խոսում ավելի բարձր տարիքի մասին) շատ դեպքերում դժվար է աշխատանք գտնելը, զարմանք չառաջացնող երևույթ է: Սակայն այն, որ մեր օրերում բարձր աշխատավարձով աշխատանք գտնելու համար առաջին գրավականը կարող է դիտարկվել թեթեւաբարո լինելը, պարզապես զավեշտ է։

Վերոգրյալի ապացույցն են Էլեկտրոնային «List.am» հայտարարությունների առցանց հարթակում՝ «աշխատանք» բաժնում, սեւով սպիտակի վրա գրված տեքստերը: Մեջբերում ենք բառացի՝ «Կազմակերպության ղեկավարին անհրաժեշտ է անձնական քարտուղարուհի: Կարող են դիմել մինչեւ 35 տարեկան անկաշկանդ, շփման մեջ բաց, առանց կոմպլեքսների, ազատամիտ կանայք ու աղջիկներ»: Կնոջն ապրանքացնելու առավել հստակ օրինակ, քան «անձնական քարտուղարուհի» եզրույթն է, երեւի թե այլ պարագայում հնարավոր էլ չէ գտնել:

Սակայն հայտարարությունն այսքանով չի ավարտվում: Շարունակության մեջ ասվում է հետեւյալը՝ «ցանկացողները պետք է ուղարկեն կենսագրական տվյալներ եւ 4 հատ ազատ ոճի լուսանկար ****@mail.ru էլ-հասցեին»: Հայտարարության վերջում էլ հստակ շեշտադրված է՝ առանց լուսանկարների նամակները կմնան անպատասխան:

Մեկ այլ հայտարարության մեջ էլ ասվում է, որ բիզնես գրասենյակին անհրաժեշտ է բարետես գործավարուհի, որը պարտավոր է լինել ժամանակակից հայացքներով եւ առանց կոմպլեքսների, ինչպես նաև՝ բարեհամբույր։ Ի դեպ, աշխատանքային փորձն էլ պարտադիր չէ: Աշխատաժամերը՝ 10:00-15:00, աշխատավարձը՝ 300.000 դրամ:

Զավեշտը հասնում է նրան, որ «անհրաժեշտ որակավորումներ» բաժնումն էլ նշված է այն, որ «որակավորման կարիք չկա, կարեւոր է, որ լինի շատ հմայիչ արտաքինով. արտաքին տեսքը կարեւոր պայման է»:

Զարմանալի է նաեւ այն փաստը, որ նմանօրինակ հայտարարություններն անխոչընդոտ տեղ են գտնում առցանց հայտարարությունների կայքում: Մինչդեռ հաճախ բազմաթիվ բողոքներ են հնչում այն մասին, երբ մարդիկ փորձում են պատշաճ գրված հայտարարության տեքստեր հրապարակել, սակայն կայքն անհասկանալի պատճառներով թույլ չի տալիս ներբեռնել: Որպես հիմնավորում նշվում է այն, թե ինչ-որ կետեր չեն համապատասխանում չափորոշիչներին։

Ինչեւէ, առանց այս հայտարարությունների էլ բազմաթիվ դեպքեր են արձանագրվել, երբ կանայք աշխատավայրում ենթարկվել են սեռական ոտնձգության, հետագայում էլ կա՛մ ստիպված հրաժարվել են աշխատանքից, կա՛մ էլ լուռ դիմացել՝ մինչեւ «թունավոր փուչիկի պայթելը»:

Իհարկե, հարկ է արձանագրել, որ վերջին տարիներին Հայաստանում տարբեր կառույցներ, հասարակական կազմակերպություններ անում են ամեն ինչ՝ բարձրաձայնելու և կանխելու ինչպես թրաֆիքինգի, այսպես էլ բռնության դեպքերն ընտանիքներում և աշխատավայրերում, սակայն փաստն այն է, որ գենդերային խնդիրների շուրջ հասարակությանն իրազեկող միջոցառումները հաճախ բախվում են արմատացած կարծրատիպերին: Դրանց շատ հաճախ խոչընդոտ են դառնում նաև հենց կանայք՝ առաջնորդվելով այն կարծրատիպով, թե իրենց հետ կատարվածի մասին խոսելն «ամոթ է»: Եվ մինչեւ նրանք երկմտում են՝ բարձրաձայնե՞ն, թե՞ ոչ (վիճակագրությունները ցույց են տալիս, որ այդ կանայք մեծ մասամբ որոշում են լռել), ենթադրյալ մի գործարար հերթական «անձնական քարտուղարուհին է պատվիրում» «List.am»-ում:

Հայաստանում կանանց ինտեգրման, իսկ ավելի կոնկրետ աշխատանքով ապահովված չլինելու մասին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության՝ «Հայկական ժամանակ»-ին տրամադրած այս տարվա տվյալները վկայում են, որ աշխատանք փնտրող և գործազուրկ կանանց թիվը տղամարդկանց թվի համեմատ գրեթե կրկնապատիկ է: ՀՀ-ում աշխատանք փնտրող անձանց թիվը ընդհանուր առմամբ 87 հազար 815 է, ընդ որում՝ 57 հազար 242-ը կանայք են:

armtimes.com

1003