«Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ին պատկանող «Բուրգըրի» հասարակական սննդի կետի սնունդից նմուշառված «Հավի մսի խճողակ» և «Տավարի մսի խճողակ» արտադրատեսակներում հայտնաբերվել է սալմոնելա:

Այս մասին հայտնում են Սննդի անվտանգության տեսչական մարմնից՝ նշելով, որ նմուշառումներ են իրականացվել նաև նշված արտադրատեսակների հումքից, որոնց լաբորատոր փորձարկումը դեռ ընթացքի մեջ է:

«Բուրգըրի» հանրային սննդի օբյեկտում բոլոր աշխատակիցներն ունեցել են սանիտարական գրքույկներ, որոնցում բժշկական պատշաճ ստուգումների պարբերականությունը պահպանված է եղել:

Հիշեցնենք, նշված սննդի օբյեկտում թունավորման հետևանքով  13 քաղաքացի է հոսպիտալացվել Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում:

Պարզվել էր, որ նոյեմբերի 16-18-ն ընկած ժամանակահատվածում բոլոր հիվանդներն օգտվել են «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ի «Բուրգըրի» և «Պանդոկ Երևան» սննդի կազմակերպություններից:

Վերցվել են նմուշառումներ, կատարվում են փորձաքննություններ:

«Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը՝ անդրադառնալով իր սննդի ցանցի «Բուրգըրի Անգուս ընդ Մոր» ռեստորանում գրանցված թունավորման դեպքերին, հայտարարել էր, որ հաշվի առնելով սննդային թունավորումների կրկնվող օրինաչափությունները, հնարավոր զարգացումները կանխարգելելու նպատակով՝  ռեստորաններից և սննդի բոլոր կետերից շրջանառությունից շատ արագ դուրս են բերվել բոլոր այն սննդամթերքները, որոնք պատկան մարմինների մոտ կասկած են առաջացրել և որոնցից նույն մարմինների կողմից կատարվել են նմուշառումներ։

708