Դեկտեմբերի 2-ին ԵԱՀԿ 28-րդ նախարարական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Նախարար Միրզոյանը կարևորել է ԵԱՀԿ և նրա գործադիր կառույցների հետ Հայաստանի արդյունավետ փոխգործակցությունն ու ԵԱՀԿ երեք հարթություններում նախագծերի իրականացումը՝ ուղղված համապարփակ և համագործակցային անվտանգության հայեցակարգի ամրապնդմանը։ Կողմերն անդրադարձել են նաև Հայաստանի համագործակցության ծրագրի (ACP) հետագա զարգացման հեռանկարներին։

Արարատ Միրզոյանը ներկայացրել է ՀՀ ինքիշխան տարածքի նպատմամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումը՝ տարածաշրջանում իրավիճակի դեէսկալացիայի և կայուն խաղաղության հաստատման վերաբերյալ՝ միևնույն ժամանակ շեշտելով, որ ադրբեջանական կողմի շարունակական սադրիչ գործողությունները, բարձրագույն ղեկավարության հայատյացության ու ռազմատենչ հռետորաբանությունը խաթարում են այդ ուղղությամբ գործադրվող ջանքերը։

Անդրադառնալով 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար խնդիրներին՝ նախարար Միրզոյանը շեշտել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձնաց անվերապահ հայրենադարձման անհրաժեշտությունը։ Նա կարևորել է նաև ադրբեջանական վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանումը։

Արարատ Միրզոյանը նշել է, որ ուժի կիրառմամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրադրությունը չի կարող հիմք հանդիսանալ խնդրի լուծման համար: Ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո՝ խաղաղ բանակցությունների միջոցով ԼՂ հակամարտության համապարփակ ու տևական կարգավորման անհրաժեշտությունը։

299