Այսօր՝ դեկտմբերի 6-ին, Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում քննարկում էին ԵԱՏՄ շրջանակներում տեխնիկական կանոնակարգով չկանոնակարգվող արտադրանքի շրջանառության կարգի և տվյալ արտադրանքի անվտանգության ապահովման կանոնների մասին համաձայնագրի մասին օրենքի նախագիծը։

Քննարկման ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը բարձրացրեց որոշակի վտանգավորության ապրանքների դասակարգման և կանոնակարգման հարցը։ Նա հարցով դիմեց, թե օրինակ՝ վերջին 20 տարում Չինաստանից բերվող ճայթռուկները ինչպես են վերահսկվում, կամ ունեն բնութագրեր՝ հաշվի առնելով դրանց վտանգավոր լինելու աստիճանը։ 

Հարցին ի պատասխան նշվեց, որ ԵԱՏՄ-ն ունի համապատասխան կանոնակարգ, որը փակում է ճայթռուկների դաշտը։ Այստեղ, ըստ վտանգավորության աստիճանների, համապատասխան թույլտվություններ են մշակվում։ Բացի այդ՝  կապ չունի, թե երկիրը այն արտադրում է, ներկրում կամ ստանում երրորդ ոչ անդամ երկրից, այն պետք է համապատասխանի ԵԱՏՄ կարգավորումներին։ 

Բացի այդ, Խաչատուր Սուքիասյանը հետաքրքրվեց՝ արդյոք նոր արտադրանքին, որն ունի որոշակի առանձնահատկություններ և վտանգավորության աստիճան, տրվում է որոշակի կարգավիճակ մինչև սպառողին հասնելը։

Պատգամավորը նշեց, որ  օրինակ՝ խորհրդային տարիներին յուրաքանչյուր էլեկտրական խաղալիք պարտադիր ունենում էր բնութագիր, որոնք տրվում էին ծնողներին, և հավելեց, որ կան այլ ապրանքներ, որոնք ևս ունեն վտանգավորության աստիճան, պետք է կանոնակարգվեն և ցանկի մեջ մտնեն։ «Ես կարծում եմ՝ սկզբնական շրջանում այսպես կկարգավորվեն, մինչև շատերը ցանկ կմտնեն։ Անհրաժեշտ է խմբերի բաժանել, թե՛ որն է թունավոր, որը՝ բարձր լարման»,- նշեց Սուքիասյանը։

Սուքիասյանը հետաքրքրվեց նաև, թե պետական որ մարմինն է իրականացնում նման ապրանքների վերահսկման գործառույթը, որին ի պատասխան նշվեց, որ ամենայն հավանականությամբ՝ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։

1890