
Քանի որ անցյալ շաբաթ «Հայաստան» դաշինքը չի ներկայացրել ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածուին ըստ Կանոնակարգ սահմանադրական օրենքի՝ 138 հոդվածի տվյալ իրավասությունը անցնում է ամենամեծ գործակից ունեցող քաղաքական ուժին, այսինքն՝ «Իմ քայլը» խմբակցությանը։ Այս մասին այսօր ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստին ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
«Եթե խմբակցությունը Կանոնակարգով սահմանված ժամկետում մշտական հանձնաժողովի նախագահի կամ նրա տեղակալի՝ իրեն վերապահված թափուր պաշտոնում թեկնածու չի առաջադրում, ապա տվյալ պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքն անցնում է սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով խմբակցությունների գործակիցների հաշվարկի սկզբում ամենամեծ գործակիցն ունեցող խմբակցությանը»,- ասված է օրենքում։
Անդրանիկ Քոչարյանը հայտնեց, որ այսօր «Իմ քայլը» խմբակցությունը թեկնածու չի առաջադրել, ինչը խոսում է այն մասին, որ իշխող խմբակցությունը ցանկություն չունի ընդդիմությանը հասանելիք թափուր պաշտոնը անմիջապես վերցնել։
«Ակնկալում ենք, որ այս մեկ շաբաթվա ընթացքում ընդդիմադիր կուսակցությունները կփորձեն կոնսենսուսի հասնել իշխող խմբակցության հետ եւ կներկայացնեն մեզ հնարավոր տարբերակներ։ Հակառակ դեպքում մենք կհետեւենք Կանոնակարգ օրենքին»,- նշեց Քոչարյանը։