ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինն արտակարգ իրավիճակների նախարարությունից ստացված գրության հիման վրա որպես տեխնիկական  անվտանգության  ապահովման բնագավառում վերահսկողություն իրականացնող մարմին «Նորքի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի կողմից շահագործվող արտադրական վտանգավոր օբյեկտի շահագործման արգելքի կարգադրագիր է տվել։ Խնդիրն այն է, որ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը ամենամյա տեխնիկական անվտանգության փորձաքննության արդյունքում բացասական եզրակացություն է տվել տուն-ինտերնատի վերելակին։

Չնայած ստացած բացասական եզրակացությանը, վերելակը շարունակվել է շահագործվել։ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ արտադրական օբյեկտի շահագործումն արգելվում է, եթե այն կամ դրանում օգտագործվող տեխնիկական միջոցները, տեխնոլոգիական սարքավորումները, շենքերն ու շինությունները չեն համապատասխանում  տեխնիկական  անվտանգության  ոլորտի օրենսդրության պահանջներին, արտադրական վտանգավոր օբյեկտը սահմանված կարգով չի անցել տեխնիկական անվտանգության փորձաքննություն կամ չի գրանցվել ռեեստրում։

Ուստի՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը, իր իրավասության շրջանակում իրականացրել է կառավարության որոշմամբ իրեն վերապահված արտադրական տեղամասերի, առանձին ագրեկատների աշխատանքների շահագործման ամբողջովին կամ մասնակի դադարեցումը` հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այն խախտումների դեպքում, որոնք անմիջականորեն և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման և (կամ) մարդկանց անվտանգության համար:

Այսինքն՝ տվյալ դեպքում Տեսչական մարմինը հաշվի առնեով տուն-ինտերնատի վերելակի՝ շահագործման ոչ ենթակա լինելու հանգամանքը և ղեկավարվելով «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածով՝  կարգադրել է անհապաղ դադարեցնել օրենքով արտադրական վտանգավոր օբյեկտ համարվող վերելակի շահագործումը և կարգադրագրի կատարման ժամկետ է սահմանել կարգադրագիրը ստանալու պահը։ 

1166