Արարատի մարզում արձանագրվել է բոտուլիզմի (Բոտուլիզմ սննդային թունավորում, հարուցվում է Կլոստրիդիում բոտուլինումի կողմից արտադրվող թույներով (տոքսիններ)) դեպք ՝ 4 տուժածով: Ինչպես հայտնում է Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը, դեպքը տեղի է ունեցել երեկ՝ դեկտեմբերի 23-ին։

«Թունավորման պատճառը տան պայմաններում պահածոյացված վարունգի մարինադն է, որն ուտելուց հետո հիվանդների մոտ ի հայտ են եկել բոտուլիզմին բնորոշ ախտանշաններ»,– տեղեկացնում են կենտրոնից։

Հիվանդները տեղափոխվել են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն և Մուրացանի ԲԿ, որտեղ նրանց անմիջապես ներարկվել է հակաբոտուլինային պոլիվալենտ շիճուկ:

Թունավորվածների վիճակը բժիշկները գնահատում են ծանր:

Shamshyan.com-ի տեղեկություններով` ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Նոր Խարբերդի բնակիչներ`32-ամյա Անահիտ Հ.-ն, 12-ամյա Հասմիկ Ն.-ն, 27-ամյա Մամիկոն Հ.-ն, որոնք հայտնել են, որ երեկ տանը կերել են մարինացված վարունգ:

Նույն օրը նույն գյուղի բնակիչ, 71-ամյա Յուրիկ Ն.-ն է նույնպես թունավորմամբ տեղափոխվել է հիվանդանոց, նա նույնպես մարինացված վարունգ է կերել: Փաստի առթիվ ոստիկանության Մասիսի բաժնում նյութեր են նախապատրաստվում:

994