Որոշ ժամանակ առաջ երգիչ, ինչպես նաև իրեն քաղաքական գործիչ համարող Մհեր Արմենիան (Մհեր Մեսրոպյան) քայլարշավ էր սկսել Շուռնուխից դեպի Երևան՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի և գործադիրի հրաժարականը: Մհերը նշում էր, որ ՀՀ կառավարության ղեկավարը պատրաստվում է «ինչ-ինչ փաստաթղթեր ստորագրել» Մոսկվայում, և ինքն իր այդ քայլով փորձում է կանխել դա: Դրանից հետո նա նույն պահանջով հացադուլ իրականացրեց Մատենադարանի դիմաց, որը տևեց մեկ շաբաթ:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նա, անդրադառնալով այդ ամենից հետո լռելուն և քաղաքական հայտարարություններ չանելուն, դիտարկմանը՝ հնարավո՞ր է՝ հադացուլից հետո առողջական խնդիրներ են առաջացել, ասաց՝ առողջական խնդիրներ չունի, պարզապես հացադուլի հետևանքով մի քանի կգ նիհարել է, իսկ լռելու պատճառն այն է, որ սպասում է վարչապետի արձագանքին, քանի որ ինքը դիմել է՝ նրա հետ հանդիպելու համար:

«Ես ցանկանում եմ հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Դիմել եմ նրա աշխատակազմին, սակայն մինչև հիմա որևէ արձագանք չեմ ստացել. սպասում եմ այդ հանդիպմանը: Չգիտեմ՝ կլինի՞ այն, թե՞ ոչ, բայց ես այդ հանդիպումը շատ եմ կարևորում: Ցանկանում եմ նրա հետ քննարկել երկրում ստեղծված իրավիճակը: Ես շատ հարցեր ունեմ, որոնք անձամբ եմ վարչապետին ցանկանում տալ»,- ընդգծեց Մհերը:

Նրա խոսքով՝ չի հասկանում, թե ինչո՞ւ չեն արձագանքում վարչապետի աշխատակազմից. «Միգուցե իմ դիմումը պաշտոնապես չի հասել իրեն: Բայց ես դեռ սպասելու եմ, քանի որ այդ հանդիպումից հետո պետք է որոշեմ իմ հետագա քայլերը»:

Դիտարկմանը՝ ժամանակին ինքը պնդում էր, թե Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է «գաղտնի փաստաթուղթ» ստորագրել, հարցին՝ դեռ նույն պնդմա՞նն է, Մհեր Արմենիան ուղղեց՝ ասելով, որ ինքը չի ասել, թե վարչապետը պատրաստվում է գաղտնի փաստաթղթեր ստորագրել. «Ասում էի, որ հարցեր ունեմ այն փաստաթղթերի հետ կապված, որոնք նա պատրաստվում է ստորագրել Մոսկվայում: Բայց հետևելով գործընթացներին՝ այս պահին որևէ գաղտնի փաստաթուղթ չի ստորագրվում»:

Հարցին՝ Շուռնուխից Երևան գալով, հացադուլ հայտարարելով՝ կարողացե՞լ է լուծել այն խնդիրները, որոնց համար դիմել էր այդ քայլին, «Ազգի ձայնը» կուսակցության ղեկավարը դրական պատասխան տվեց:

«Երբ մենք քայլեցինք Շուռնուխից, այդ ընթացքում վարչապետը պետք է մեկներ Մոսկվա, բայց այն հետաձգվեց, մենք որոշ չափով հասանք մեր ուզածին: Հետո վարչապետն ավելի բաց սկսեց խոսել՝ մանրամասնելով, թե ինչ է պատրաստվում անել, ինչ քայլեր է ձեռնարկելու: Փաստացի մենք որոշակի ազդեցություն ունեցանք»,- կարծում է նա:

Դիտարկմանը, որ այս ընթացքում, երբ ինքը սկսել է ավելի քիչ խոսել, մտավախություն չունի՞, որ հասարակությունը կմոռանա իրեն՝ որպես քաղաքական գործչի, Մհեր Արմենիան վստահեցրեց՝ իրեն մոռանալ չի լինի. «Ես հիմա զբաղված եմ կուսակցաշինական աշխատանքներով, մշակում ենք ծրագրեր, դիմացը Նոր տարի է, հետո է՛լ ավելի ակտիվ կլինենք: Բացի դրանից, ես ունեմ նաև երաժշտական կարիերա, որով նույնպես զբաղվում եմ»:

Դիտարկմանը, որ հասարակությունն իրեն ընդունում է որպես մշակութային, ավելի նուրբ ու կոկիկ կերպարի, սակայն քայլարշավից և հացադուլից հետո ավելի խիզախ Մհերի հետ  հասարակությունը ծանոթացավ, նա ընդգծեց՝ մեկը մյուսին չի խանգարում. «Հասկանում եմ իմ նկատմամբ մարդկանց վերաբերմունքը և իրենց մտքում կերտած կերպարը, բայց մեկը մյուսին չի խանգարում: Ես կարող եմ լինել և՛ երաժշտական ասպարեզում, և՛ քաղաքականության մեջ»:

Հարցին՝ իսկ 2022-ին ի՞նչ նորություններ պետք է սպասել երգիչ Մհեր Արմենիայից, զրուցակիցը նշեց՝ հնարավոր է մենահամերգով հանդես գա. «Ձայնագրում եմ նոր երգեր, հնարավոր է՝ ունենամ մենահամերգ, միգուցե զուգերգեր լինեն ռուսական էստրադայի ներկայացուցիչների հետ»:

armtimes.com

3567