Այսօր՝ հունվարի 5-ին, հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 15:50–ի սահմաններում Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության  911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է  ստացվել, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի  Չկալովկա գյուղի վարչական տարածքում  բենզալցակայան է այրվում:

Shamshyan.com-ի տեղեկություններով, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատից  2 մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բենզալցակայանի աշխատակիցների հետ  նախ կանխել են բենզալցակայանի տանիքում առաջացած հրդեհը, ապա մարել  այն: Օպերատիվորեն  ժամանել է նաև ոստիկանության Սևանի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան: Նախնական վարկածի համաձայն՝  կրակը բենզալցակայանի տանիքում բռնկվել է էլեկտրական լարերի պատճառով, սակայն վերջնական պատասխան ստանալու համար նշանակվել է փորձաքննություն: 

728