Հունվարի 6-ին կայանալիք Ակտաու-Երևան չվերթը չեղարկվել է: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է «Զվարթնոց» օդանավակայանի էլեկտրոնային չվացուցակում:

Նշենք, որ ղազախական SCAT ավիաընկերության ինքնաթիռի ժամանումը նախատեսվում էր երևանյան ժամանակով ժամը 18:20-ին։ Միևնույն ժամանակ նույն օրը ժամը 00:10-ին Ակտաուից Երևան սպասվող թռիչքի մասին չվացուցակում նշված է, որ ժամանակին կժամանի ՀՀ։ 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ղազախստանում տիրող իրավիճակի պատճառով Ակտաուի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը։

Հիշեցնենք, որ նոր տարվա առաջին օրերին Ղազախստանի Մանգիստաուի մարզի (նավթարդյունահանող տարածաշրջան երկրի արևմուտքում) Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դուրս են եկել հանրահավաքների՝ բողոքելով հեղուկացված նավթային գազի գների կրկնակի աճի դեմ:

Էներգետիկայի նախարարությունը պարզաբանել է, որ հունվարի 1-ից գազի գինը ձևավորվում է էլեկտրոնային բորսային աճուրդում՝ առաջարկի և պահանջարկի հիման վրա:
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հանձնարարել է իրավիճակը քննարկելու համար կառավարական հանձնաժողով ձևավորել։ 

Հայտնի է նաև, որ կառավարությունը հրաժարական է ներկայացրել, իսկ երկրի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը վարչապետի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վստահել է Ալիխան Սմաիլովին։

Հավելենք, որ հայսօրվանից մինչև հունվարի 19-ը Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում արտակարգ դրություն է մտցվել:

776