Մի քանի օր է՝ Ղազախստանում հեղուկ գազի թանկացման պատճառով հանրահավաքները չեն դադարում։ Իշխանություններն արդեն հայտարարել են վառելիքի գինը նվազեցնելու մասին, սակայն բողոքի ակցիաները չեն մարում։ Երեկ՝ հունվարի 5-ին, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը կառավարության հրաժարականի հրամանագիր Է ստորագրել: Կառավարության անդամները շարունակում են կատարել իրենց պարտականությունները մինչեւ նախարարների կաբինետի նոր կազմի հաստատումը: Բայց ցույցերը Ղազախստանում չեն դադարում, հակառակը՝ իրավիճակը գնալով սրվում է:

Իրավիճակը պարզելու համար Araratnews.am-ը զրուցեց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի ղեկավար Վաղարշակ Հակոբյանի հետ:

Պարոն Հակոբյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Ղազախստանում տիրող իրավիճակը: Ի՞նչ է հիմա կատարվում:

Ուզում եմ նշել, որ Ղազախստանի Հանրապետությունը մեզ համար եղբայրական երկիր է: Որպես ՀԱՊԿ նախագահ՝ մենք ունենք ստանձնած պարտավորություններ մեր ՀԱՊԿ գործընկերների, այդ թվում՝ Ղազախստանի Հանրապետության հանդեպ։ Ղազախստանի Հանրապետությունում կա բազմահազարանոց հայկական համայնք, որը դրականորեն ներկայացված է բոլոր ոլորտներում՝ սկսած խոշոր բիզնեսից մինչեւ քաղաքականություն: Մենք այնտեղ ունենք ԱԺ պատգամավոր, հայ համայնքի ներկայացուցիչ եւ պետական տարբեր գերատեսչություններում պաշտոններ զբաղեցնող հայեր։ Մենք այնտեղ ունենք նաեւ խոշոր արտադրողներ, այնպես որ սա մեր պարտավորությունն է նաեւ Ղազախստանի հայ համայնքի ներկայացուցիչների հանդեպ: 

Ես անընդհատ կապի մեջ եմ ինչպես հայ համայնքի ներկայացուցիչների, այդպես էլ Ղազախստանի մեր գործընկերների հետ: Հուսով եմ, որ կարճ ժամանակ հետո ղազախական իշխանություններին կհաջողվի իրավիճակը տանել կառուցողական հուն եւ լուծել այս ճգնաժամը»: 

Իսկ ի՞նչ քայլեր եք ձեռնարկել Ղազախստանի Հանրապետությունում բազմահազարանոց հայկական համայնքի անվտանգությունը ապահովելու գործում։

Ես մշտական կապի մեջ եմ Ղազախստանի մեր դիվանագիտական կորպուսի հետ, այսինքն՝ Ղազախստանում ՀՀ դեսպանության հետ, որոնք իրենցից կախված ամեն ինչ անում են: Կարող ենք այս պահին ֆիքսել, որ Ղազախստանում հայ համայնքի հետ կապված որեւէ խնդիր ու խոչընդոտ չկա, բայց իրավիճակը ամեն րոպե մոնիթորինգի է արժանի, ինչով մենք այժմ զբաղվում ենք: 

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը, Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն, որոշում է կայացրել սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստանի Հանրապետություն ուղարկել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր՝ այդ երկրում իրավիճակի կայունացման եւ կարգավորման նպատակով: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս որոշումը:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը շատ կարեւոր եւ արդիական քայլ եմ համարում: Մենք հանդիսանում ենք նաեւ ՀԱՊԿ նախագահող երկիր եւ ունենք կանոնադրային պարտավորություններ, ունենք պարտավորություններ ՀԱՊԿ անդամ մյուս երկրների հանդեպ: Ղազախստանի նախագահ  Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է իրականացնել բոլոր հնարավոր քայլերը իրավիճակի կայունացման համար:

Հարցազրույցը վարեց Լյուսիյա Պետրոսյանը

45274