ՔՊ պատգամավորներ Նարեկ Զեյնալյանը, Լուսինե Բադալյանը, Հրաչյա Հակոբյանը, Էմմա Պալյանը, Հռիփսիմե Հունանյանը հեղինակել են «Թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը: Այսօր ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նիստում նախագծի քննարկման ժամանակ հանձնաժողովի նախագահ Զեյնալյանն ասաց, որ առաջարկում են առկա խտրական մոտեցումը վերացնել: Գործող իրավակարգավորումներով՝ թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի օգտագործման փորձաքննություն իրականացնելու համար պետք է լիցենզավորում ունենա տվյալ մարմինը: Կան բացառություններ առողջապահության եւ արդարադատության նախարարությունների ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ների եւ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման համար: Եվս մեկ ՊՈԱԿ կար, որը զբաղվում էր տվյալ գործունեությամբ, բայց դուրս էր մնացել այս բացառությունների ցանկից: Խոսքը ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրոյի» մասին է. «Խտրական մոտեցում էր առաջացել այս ՊՈԱԿ-ի նկատմամբ: Խտրականությունը վերացնելու համար առաջարկում ենք, որ մյուս երկու ՊՈԱԿ-ները, որոնք գտնվում են արդարադատության եւ առողջապահության նախարարությունների ենթակայության տակ, բացառությունների ցանկից հանել ու դարձնել պարտադիր լիցենզավորված գործունեություն: Բացառությունների մեջ թողնելու ենք միայն ոստիկանության ստորաբաժանումը, որը վերահսկող մարմին է ու լիցենզավորման ենթակա չէ»: Առողջապահության նախարարությունն առաջարկել էր 6 ամիս ժամանակ տալ, որպեսզի այդ ՊՈԱԿ-ները հասցնեն լիցենզավորվել: Նարեկ Զեյնալյանն ասաց, որ արդեն լիցենզավորման գործընթացը սկսվել է, երկու ՊՈԱԿ հասցրել են լիցենզավորվել, ուստի օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 3 ամիսը բավարար ժամկետ է, որ կարողանան ըստ օրենքի գործել:

 

227