«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է.  «Ղազախստանի իրադարձությունների համայնապատկերում ադրբեջանական զինուժն օրերս հրաձգային տարբեր տեսակի զինատեսակներից կրակահերթ էր բացել Մարտունու շրջանի Կարմիր Շուկա եւ Թաղավարդ համայնքների ուղղությամբ: Կարմիր Շուկայի համայնքային գործող մանկապարտեզի հարեւանությամբ այրվել էր այնտեղ կայանված «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան: Հրադադարի խախտման այս դեպքն իր թիրախայնությամբ ու հանդգնությամբ գերազանցեց նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո արձանագրված հրադադարի խախտման մյուս դեպքերը: Հայաստանի նախագահությամբ Ղազախստան ՀԱՊԿ-ի խաղաղապահ զորախումբ ուղարկելը չէր կարող դրական ընդունվել Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից: Այդ առումով վերջիններիս բացասական վերաբերմունքի արտահայտման ամենազգայուն վայրը ռուսական խաղաղապահների առաքելության տարածաշրջաններից մեկը՝ Արցախի Հանրապետությունն էր: Հայկական բնակավայրերին ամենամոտ ադրբեջանական դիրքերից խաղաղ բնակիչների ուղղությամբ թիրախային կրակահերթերը միանշանակ իրենց մեջ ուղերձներ են պարունակում՝ ուղղված հենց Ռուսաստանի Դաշնությանը, առավել եւս, որ այդ հատվածում է տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հենակետերից մեկը: Ռուս-թուրքական հարաբերություններում լարվածությունների առաջացման նախկին դեպքերն իրենց արձագանքն էին գտնում Սիրիայում ՌԴ զորախմբի դեմ տարբեր գործողություններով ու սադրանքներով: Այսօր Անկարան տեսնում է, որ Մոսկվայի համար առավել զգայուն է Արցախի Հանրապետության շփման գիծը: Արցախի խաղաղ բնակիչների նկատմամբ թյուրքական պետությունների նման վարքագիծը կանխատեսելի էր, ինչի մասին «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրել է նաեւ նախկինում: Մոսկվայի եւ Անկարայի միջեւ ցանկացած լարում ապագայում էլ իր արձագանքն է գտնելու վերջիններիս զինված ուժերի շփման գծում՝ լինի դա Լիբիան, Սիրիան, թե Արցախը: Իսկ այն, որ նման իրավիճակներ հետագայում էլ են լինելու, միանշանակ է, քանի որ այդ պետությունները կիսում են իրենց համար կենսական կարեւորության նույն աշխարհաքաղաքական տարածքները: Ղազախստան ՀԱՊԿ զորքեր մտցնելով՝ ՌԴ-ն միանշանակ «կոխոտել» էր Թուրքիայի ոտքը, որը նա փորձել էր «դնել» թյուրքական բնակչություն ունեցող այս խոշորագույն հանրապետությունում: Հետխորհրդային երկրներում անկախացումից ի վեր ամենակայուններից մեկի համարում ունեցող Ղազախստանում իրավիճակի հանկարծակի ապակայունացումը կարող էր ձեռնտու լինել միայն ՌԴ-ին մրցակից պետություններին: Ղազախստանը Բելառուսից հետո ավանդաբար եղել է ՌԴ-ի դաշնակից պետություն, որի բնակչության 25 տոկոսն ազգությամբ ռուսներ են, եւ այնտեղ ապակայունացումը բխում էր միայն Թուրքիայի շահերից, ուստի լիովին օրինաչափ էր, որ Բաքվից ու Անկարայից բացասական ուղերձներ հնչեցին այնտեղ ՀԱՊԿ զորքեր ուղարկելու առիթով: Անկարան միանգամից խոսեց թյուրքական պետությունների կողմից աջակցություն ցուցաբերելու մասին, իսկ Ադրբեջանն էլ իր «ավագ եղբոր» հորդորով օպերատիվ կերպով ապահովեց հրադադարի խախտումը Արցախի Հանրապետության շփման գծում: Սպասելի է, որ նման միջադեպեր էլի կլինեն, եւ այդ դեպքում առաջնային լուծելիք խնդիր է ոչ միայն ռուսական խաղաղապահ ուժերի ուժեղացումը, նման իրավիճակներում նրանց կողմից կոշտ կանխարգելիչ գործողությունների իրականացումը, այլեւ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կարողությունների հզորացումը եւ շփման գծի մոտ գտնվող բնակավայրերի բնակիչներին զենք հատկացնելը՝ անհրաժեշտության դեպքում ինքնապաշտպանության դիմելու համար: Իսկ, ընդհանուր առմամբ, կատարվածի վերաբերյալ Արցախից հնչած գնահատականը պատասխանում է միջադեպի շուրջ պտտվող բոլոր հարցերին: Ստեփանակերտից հայտնում են, որ նման միջադեպերն ավելի հաստատուն են դարձնում իր դարավոր բնօրրանում ապրելու արցախցու կամքը եւ վճռականությունը»: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: 

752