«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Նախ խոսենք մայրության նպաստից։ Այս նպաստը ստանալու իրավունք ունեն ինչպես գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող անձինք, այնպես էլ չաշխատող քաղաքացիները:  Գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող անձանց համար աշխատանքային օրենսգրքով սահմանված հղիության եւ ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածը 140 օր է, որը ներառում է 70 օր հղիության, 70 օր՝ հետծննդաբերական ժամանակահատվածից: Այս դեպքում մայրության նպաստի չափը հաշվարկվում է օրենքով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձից: Իսկ չաշխատող անձին մայրության նպաստը նշանակվում է բժշկական հաստատության կողմից տրված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի հիման վրա։ Նպաստը, որը կազմում է 156, 600 դրամ, նշանակվում է, եթե դիմումն ու անհրաժեշտ փաստաթղթերը (անձնագիր, ՀԾՀ, ժամանակավոր անաշխատունակության թերթիկ) միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն է ներկայացվում հղիության եւ ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի (140 օր) ընթացքում: Այդ ժամանակահատվածից հետո դիմելու դեպքում մայրության նպաստ չի նշանակվում։ Գանք երեխայի ծննդյան միանվագ նպաստին։ Այս նպաստի իրավունք ունի երեխայի ծնողը, որդեգրողը կամ խնամակալը: Երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում եւ վճարվում է, եթե ծնողը եւ նոր ծնված երեխան հաշվառված են ՀՀ բնակության վայրի հասցեով ու երեխայի ծննդյան միանվագ նպաստի դիմելու օրվա դրությամբ գտնվում են Հայաստանում։ 1-ին եւ 2-րդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը 300 հազ. դրամ է, 3-րդ եւ 4-րդ երեխայի ծննդյան դեպքում՝ 1 մլն դրամ, իսկ 5-րդ եւ հաջորդ երեխաների ծննդով պայմանավորված՝ 1.5 մլն դրամ։ Հիշենք, որ երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում է, եթե դիմումն ու անհրաժեշտ փաստաթղթերը  ներկայացվել են նոր ծնված երեխայի ծննդյան ամսվանից հետո՝ 12 ամսվա ընթացքում։ Սրանից զատ՝ երեխայի ծնվելու պարագայում այլ գումար էլ է նշանակված։ 2022 թ. հունվարի 1-ից հետո ծնված կարգաթվով 3-րդ եւ հաջորդ երեխաների դեպքում տրամադրվում է ամսական 50 հազ. դրամ աջակցություն՝ մինչեւ երեխայի 6 տարեկան դառնալը։ Այսինքն՝ ընտանիքը ստանում է ամսական 50 հազ. դրամ, եթե ունի առնվազն 2 երեխա, իսկ 3-րդ եւ հաջորդ երեխաները ծնվել են 2022 թ. հունվարի 1-ից հետո։ Ընդ որում՝ զույգ կամ միաժամանակ ավելի թվով երեխաներ ծնվելու դեպքում հաշվի է առնվում բարձր կարգաթվով երեխայի ծննդյան փաստը եւ նշանակվում դրամական աջակցություն՝ նոր ծնված բոլոր երեխաների համար։ Այսինքն՝ եթե ընտանիքում կա 1 երեխա, եւ ծնվում է զույգ, ապա ընտանիքում 3 երեխայի առկայության դեպքում դրամական աջակցություն է նշանակվում արդեն նոր ծնված յուրաքանչյուր երեխայի համար, տվյալ օրինակի համաձայն՝ ընտանիքը 6 տարի շարունակ կստանա ամսական 100 հազ. դրամ։ Մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ էլ կա։ Այս նպաստի իրավունք ունեն՝ 1.  աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով մինչեւ 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողը՝ մինչեւ երեխայի 2 տարեկանը լրանալը, 2. գյուղական բնակավայրի հասցեով հաշվառված եւ փաստացի բնակվող ծնողը (եւ՛ աշխատող, եւ՛ չաշխատող), մինչեւ երեխայի 2 տարեկանը լրանալը, եթե երեխայի ծննդյան կամ խնամքի նպաստի համար դիմելու օրվա դրությամբ առնվազն 1 տարի անընդմեջ հաշվառված է գյուղական բնակավայրի հասցեով»։ 

578