Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը վաղ է համարում անդրադառնալ նախագահի թեկնածուի շուրջ խոսակցություններին:

«Գեղեցիկ չի լինի, որ այսօր որևէ մեկնաբանություն անենք: Նաև դեռևս մարդը  հնարավորություն ունի դիմումը հետ վերցնելու»,- այս մասին ասուլիսում ասել է Խաչատուրյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նրա թեկնածությունն է առաջադրել նախագահի պաշտոնում:

Հարցին՝ թե ինչպես է վերաբերվում շրջանառվող լուրերին, որ նա է առաջադրվել որպես նախագահի թեկնածու, Խաչատուրյանը պատասխանեց.

«Տեսականորեն պետք է շրջանառվեր, հաշվի առնելով այն բոլոր չափանիշները, որ ես ունեմ՝ 40 տարեկանից բարձր ՀՀ քաղաքացի, ճանապարհ անցած մարդ, նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, կարելի էր ենթադրել, որ ես կարող եմ այդ ցուցակում հայտնվել, հաշվի առնելով նաև այն, որ այսօրվա Կառավարության, նաև քաղաքական թիմի անդամ եմ»:

Հարցին, թե արդյոք նա «Հայ ազգային կոնգրես» կուսակցության անդամ է, հաշվի առնելով այն, որ Սահմանադրության համաձայն՝ նախագահը պետք է լինի անկուսակցական, Խաչատուրյանը պատասխանեց, որ 2017 թվականի ընտրություններից հետո «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունում իր կուսակցական գործունեությունը դադարեցրել է, ուղղակի ֆորմալ  առումով դիմում լինելու կամ չլինելու հանգամանք է առկա:

1382