Մոսկվայում Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների՝ երեկ տեղի ունեցած հանդիպումից հետո կայացել է երկու երկրի ղեկավարների համատեղ մամուլի ասուլիսը: Վլադիմիր Պուտինի ու Էմանուել Մակրոնի ելույթների հիմնական մասը վերաբերել է ռուս-ուկրաինական ճգնաժամին, անդրադարձ է եղել նաև միջազգային կարևորություն ունեցող այլ հարցերի: Պուտինն ու Մակրոնն անդրադարձել նաև Լեռնային Ղարաբաղի խնդրին, շեշտել ԵԱՀԿ Մինսկի խմբի կարևոր դերակատարությունը:

Վլադիմիր Պուտին, ՌԴ նախագահ - Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի քննարկման ընթացքում նշել ենք ռուսաստանցի խաղաղապահների դրական դերը, որոնք ապահովում են հրադադարի ռեժիմի պահպանումն ու օգնում են խաղաղ կյանքի հաստատմանը: Մենք հաստատել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեության կարևոր նշանակությունը, այդ թվում՝ տարածաշրջանում հրատապ հումանիտար և սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման հարցում: Ֆրանսիայի նախագահը տեղեկացրել է Եվրոպական խորհրդի նախագահի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հետ վերջերս տեղի ունեցած համատեղ տեսակոնֆերանսի արդյունքների մասին:

Էմանուել Մակրոն, Ֆրանսիայի նախագահ - Մենք նաև անդրադարձել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությանը: Ուզում եմ ուրախությամբ հայտնել, որ 8 ձերբակալված է ազատ արձակվել: Ֆրանսիայի ճգնաժամային կենտրոնն ինքնաթիռ է տրամադրել նրանց տեղափոխման համար: Նախորդ ուրբաթ մենք նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի հետ տեսակոնֆերանս ենք անցկացրել, որի ընթացքում հենց անդրադարձ է եղել անհետ կորածների, փախստականների և մի շարք այլ հարցերի, որոնք նույնպես կայունության տարրեր են: Նախագահ Պուտինի հետ մեր բանակցության ընթացքում ընդհանուր մոտեցումներ ենք հայտնել մի շարք հարցերի վերաբերյալ: Ցանկանում եմ ողջունել այն դերը, որը սահմանին ունեցել են ձեր զինվորականները՝ Հայաստանի և Ադրբեջանի համար բարդ ժամանակաշրջանում: Մինսկի խմբի պայմանավորվածությունների շրջանակում ևս և՛ Ֆրանսիան, և՛ Ռուսաստանը համապատասխան դեր ունեն:

342