Առաջին անգամ մեդիան մեկտեղում է հայաստանյան ՏՏ և բիզնես համայնքները՝ 44-օրյա պատերազմի մասնակից, հաշմանդամ դարձած կամ պարզապես բանակից զորացրված երիտասարդների համար մասնագիտական կրթություն, ապա աշխատանք ապահովելու նպատակով։ Հայաստանում զրույցի նոր մշակույթ ձևավորած «Rearrange with Narek Amirkhanyan» փոդքասթն արդեն 2 տարեկան է։ Այդ առիթով փոդքասթի հեղինակ Նարեկ Ամիրխանյանը որոշել է հոբելյանական 75-րդ թողարկման մասնակցությունը աճուրդի հանել։ Աճուրդի արդյունքում հավաքված ամբողջ գումարը կփոխանցվի Armenian Code Academy, որտեղ բանակից զորացրված երիտասարդները կկարողանան 7-8 ամիս տևողությամբ դասընթացների մասնակցել և սովորել IT որևէ մասնագիտություն։ Առաջնահերթությունը տրվելու է 44-օրյա պատերազմի մասնակից և պատերազմի հետևանքով հաշմանդամ դարձած դիմորդներին։ Ուսման վարձը 400.000 ՀՀ դրամ է, սակայն նախաձեռնության շրջանակում դասընթացին դիմած երիտասարդները կստանան 50% զեղչ։ Աճուրդի հաղթող կճանաչվի այն կազմակերպությունը կամ անհատը, ով կհովանավորի առավել մեծ թվով երիտասարդների կրթությունը։ Նախաձեռնությանը միացել է նաև Hexact ընկերությունը, որն աճի արագ տեմպեր գրանցելուն զուգահեռ՝ պարբերաբար ընդլայնում է IT մասնագետների իր թիմը։ Ծրագրի շրջանակում Armenian Code Academy–ի դասընթացից հետո լավագույն արդյունքներ ցուցաբերած երիտասարդներն աշխատանքի կանցնեն Hexact ընկերությունում։ Նարեկ Ամիրխանյանը մյուս IT ընկերություններին ևս առաջարկում է հետևել Hexact-ի օրինակին։ Աճուրդը տևելու է փետրվարի 14-ից 21-ը։ * Արդեն 2 տարի հեռարձակվող «Rearrange with Narek Amirkhanyan» փոդքասթն ամեն շաբաթ նոր թողարկում է ներկայացնում՝ իրարից խիստ տարբեր, հետաքրքիր, բովանդակալից ասելիք ունեցող հյուրերով, թեմաները խիստ բազմազան են՝ զերծ քաղաքականությունից ու կոմերցիայից։ Միայն վերջին երեք ամսում փոդքասթի թողարկումները դիտել է 100.000-ից ավելի մարդ։ ** «Hexact»-ի էկոհամակարգը բաղկացած է 3 հիմնական պրոդուկտից. Hexometer-ը 24/7 իրականացնում է կայքերի մոնիտորինգ և օգնում բարելավել դրանց աշխատանքը, Hexowatch-ն արհեստական բանականությամբ աշխատող օգնական է, որը մոնիտորինգի է ենթարկում ցանկացած կայքի տեսողական, բովանդակային, տեխնոլոգիական, հասանելիության, կոդի կամ գների առցանց փոփոխությունները և ծանուցում այդ մասին, Hexomatic-ն աշխատանքի ավտոմատացման հարթակ է, որը հնարավորություն է տալիս օգտագործել համացանցը որպես տվյալների սեփական աղբյուր, առանց ծրագրավորման գիտելիքների օգտագործել արհեստական բանականության ամենաբարդ ծառայությունները և մարդկային օգնականների թիմ` կրկնվող ու ժամանակատար առաջադրանքներն ավտոմատացնելու համար:

1916