Բնակչության մեջ խուճապ է: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց Ուկրաինայի հայերի միության Դոնեցկի մարզի ներկայացուցչության նախագահ Վահագն Մաթևոսյանը՝ անդրադառնալով Դոնեցկում հայ համայնքի վիճակին: «Բնակչությունը չի ուզում պատերազմ, ոչ թե ուզում են աջակցեն Ռուսաստանին կամ Ուկրաինայի կառավարությանը, այլ պարզապես չեն ուզում պատերազմ»,- ասաց նա:

Ամեն դեպքում, մեզ հետ խոսելու պահին Վահագն Մաթևոսյանն ասաց, որ կրակոցներ չեն հնչում: «Այս պահին հանգիստ է, կրակոցներ չեն լսվում: Համենայնդեպս, մենք Դոնեցկի մարզի Մարիուպոլ քաղաքում ենք գտնվում,  և այս պահին կրակոցներ չեն լսվում»- ասաց նա:

Ինչ վերաբերում է հարցին, թե հայ համայնքից երկրից հեռանալ ցանկացողներն են ավելի շատ, թե մնացողները, Վահագն Մաթևոսյանը պատասխանեց, մի քանի օր առաջ ցանկություն հայտնողները հեռացել են, մյուսները մնացել են տանը: «Հայ բնակչության մոտ հիսուն տոկոսը որոշել է մնալ, ես էլ անձամբ Մարիուպոլում եմ գտնվում»,- տեղեկացրեց նա:

Անդրադառնալով հարցին, թե դեպի ուր են հայերը ցանկանում գնալ, Դոնեցկի մարզի հայերի միության նախագահն ասաց, որ թեև դուրս եկողների ինչ-որ տոկոսը կցանկանար գալ Հայաստան, սակայն փակ են ճանապարհները, մարդիկ հնարավորություն չունեն Հայաստան վերադառնալու, և տեղահանված բնակչությունը գնում է Եվրոպա: «Բայց մտածում են, որ ավելի լավ է գնան հայրենիք, քան թե Եվրոպա»,- ասաց նա.

Հիշեցնենք, որ Ուկրաինայի զինված ուժերի 36-րդ բրիգադի ծովային ստորաբաժանումը Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունից խնդրել է միջանցք՝  հանրապետություն մուտք գործելու համար։

718