Այսօր՝ փետրվարի 28-ին, խոշոր ու  ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում ГАЗ 24 մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենան Զովունի-Եղվարդ ավտոճանապարհի Զովունի գյուղի վարչական տարածքում բախվել է 12 փողոցում տեղադրված բետոնե էլեկտրասյանը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել  են «Արմենիա» բժշկական կենտրոն: Բախման հետևանքով էլեկտրասյունը վնասել է նաև բնակչի քարե պարիսպը և արտաքին լուսավորման լամպը: Օպերատիվորեն  ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 18 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու տեղում իրականացրել հերթապահություն: Օպերատիվորեն  ժամանել են ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի  1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի  հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանի,  վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն  ժամանել է նաև ոստիկանության Նաիրիի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ: Մինչ  դեպքի վայրում փորձում էին տեղազննություն կատարեին ՃՈ ավագ հետաքննիչներ Մայիս Բադոյանն ու Ավետիք Ավետիսյանը,  հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Նաիրիի բաժին, որ վիրավորներից  66-ամյա Արծրուն Մարտիրոսյանը մահացել է, իսկ 63-ամյա Անդրանիկ Մուշեղյանը հետազոտվում է:

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ  Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և հատկապես կարևոր գործերով քննիչի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Նաիրիի մասնաճյուղի ներկայացուցիչները, ովքեր փորձում են արագ խնդիրը կարգավորել՝ վնասված սյունը փոխարինելով նորով: Փաստի առթիվ Նաիրիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:       

 Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը: 

1553