«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից այս տարվա հունվարի 13-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով էր ներկայացվել սպառողներին վերջնական վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտ, ինչի վերաբերյալ ՀԾԿՀ-ն վերջնական որոշում է կայացրել մարտի 1-ի նիստում։

Ըստ փոփոխությունների՝ այս տարվա ապրիլի 1-ից բնակչության համար գազի գինը կսահմանվի 143,7 դրամ/խմ՝ բարձրանալով 4,7 դրամով կամ շուրջ 3,4%-ով։

«Գազպրոմ Արմենիա»-ն առաջարկել էր նվազեցնել գազի սակագինը բնակչության համար 2,4%-ով կամ 3,35 դրամով՝ փոխարենը բարձրացնելով սակագինը անապահով ընտանիքների և էականորեն ավելի բարձր գին սահմանելով գազի խոշոր սպառողների համար։ Խոշոր սպառողների համար գազի գնի կտրուկ բարձրացումը կարող էր հանգեցնել որոշ տեսակի ապրանքների կտրուկ գնաճի, ինչն էլ շղթայական ազդեցություն էր ունենալու բնակչության գնողունակության վրա և արդյունքում ավելի մեծ վնաս էր հասցնելու սպառողների գրպանին։

Չնայած նրան, որ «Գազպրոմ Արմենիա»-ն առաջարկում էր անապահով ընտանիքների համար գազի գինը մեկ խորանարդ մետրի դիմաց 100 դրամից դարձնել 135.65 դրամ՝ ՀԾԿՀ-ն որոշում է կայացրել, որ տարեկան մինչև 600 խմ սպառվող գազի սակագինն այդ սոցիալական խմբի համար չի փոփոխվի։

Գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնողների համար գազի սակագները նույնպես կփոփոխվեն։ Պահածոների, խմիչքների և կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող, անձանց վաճառվող բնական գազի սակագինը կլինի 233.9 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ՝ սպառված յուրաքանչյուր հազար խմ բնական գազի համար։

ՀԾԿՀ որոշման համաձայն՝ գազի գինը կթանկանա ընդամենը 4,3%, այլ ոչ թե 26,1%-ով, ինչպես առաջարկել էր «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը։ Ջերմոցային տնտեսությունների համար այս սակագները կգործեն սեզոնայնությամբ պայմանավորված՝ տարվա մեջ գազի ամենաշատ սպառման ժամանակահատվածում՝ նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը։

Վերը նշված խմբերում չներառված մյուս բոլոր սպառողների համար, այդ թվում՝ ջերմային էլեկտրակայանների համար, վաճառվող բնական գազի սակագինը յուրաքանչյուր ամսում մինչև 10 հազար խորանարդ մետրի համար նախկին 139.000 դրամի փոխարեն կսահմանվի 143.700 դրամ և 10 հազար խորանարդ մետրը գերազանցող բնական գազի համար՝ նախկին 255․91 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի փոխարեն՝ 265.81 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ՝ սպառված յուրաքանչյուր հազար խմ բնական գազի համար։

Ըստ էության՝ ՀԾԿՀ-ն փորձել է հավասարակշռել սակագները և մինչև 10 հազար խորանարդ մետրի սպառման դեպքում գազի սակագինը «Գազպրոմ Արմենիա»-ի առաջարկած 2,4%-ով նվազեցնելու փոխարեն՝ բարձրացնել այն 3,4%-ով՝ կանխելով 10 հազար խորանարդ մետրը գերազանցող բնական գազի համար 26,1%-ով սակագնի կտրուկ բարձրացումը։

 

2751